ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 11-ին ընթացող նիստին։
«Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով», - ըստ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ իր խոսքում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը: - «Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017թ-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016թ-ի համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առևտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով, և Վլադիմիր Պուտինը ներկայացրեց շատ թվեր, որոնք հաստատում են մեր ընդունած որոշման ճշմարտացիությունը: Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը»:
Հայաստանի նախագահի խոսքով, դա ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն առկա խոչընդոտներն ի հայտ բերելու, այլև վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները: Նա կարևորել է նաև թվային օրակարգի դերը՝ համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը նպաստելու հարցում: - «Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից: Քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության և էլեկտրոնային առևտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը: Կարևոր է նաև, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական և նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից», - նշել է ՀՀ նախագահը:
Որպես ԵԱՏՄ ամրապնդման ևս մեկ քայլ Սերժ Սարգսյանը մատնանշել է համագործակցությունը միջազգային մակարդակում:
Նա նաև գոհունակություն է հայտնել ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտի կապակցությամբ:
«Կարծում ենք, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, և, որպես հետևանք, ձևավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց», - նաև ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հաստատել է նաև Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը՝ վստահություն հայտնելով, որ դա ԵԱՏՄ բոլոր պետությունների ընդհանուր մոտեցումն է: - «Այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում», - հավելել է Սերժ Սարգսյանը:
«Վերջում կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, և առաջիկայում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան վավերացման: Հուսով ենք, որ հետագայում ևս մեր երկրներում բոլոր հարցերը լուծվելու են կառուցողական հունով՝ ի շահ մեր ժողովուրդների և ի բարգավաճում մեր երկրների», - իր խոսքը եզրափակել է նա: