Մատչելիության հղումներ

Նախարարը դեմ է Եվրադատարանում տանուլ տված գործերի համար դատավորներին պատասխանատվության ենթարկելուն


Այս տարվա սեպտեմբերի տվյալներով Եվրոպական դատարանն արդեն ավելի քան 44 հազար եվրոյի փոխհատուցման վճիռներ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Անցած տարի պետբյուջեի վրա ավելի քան 143 հազար եվրոյի պարտավարություն է դրվել՝ Հայաստանի արդարադատության դեմ ստրասբուրգյան դատարան ներկայացված հայցերով:

Այդուհանդերձ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կտրականապես դեմ է, որ փաստացի ապօրինի վճիռներ կայացրած հայաստանցի դատավորները պատասխանատվության ենթարկվեն և ոչ թե հարկատուները վճարեն նրանց սխալների համար:

«Հենց դատական իշխանության առանձնահատկությունը, փիլիսոփայությունն է դա, երբ դատավորը իր գրպանից չպետք է վճարի: Երկրում ստեղծվում է եռաստիճան դատական համակարգ համապատասխան գործընթացներով, որը պետք է ամեն ինչ անի, որ հասցնի պատշաճ արդարադատության իրականացման», - իր տեսակետը պարզաբանեց նախարարը: - «Եվ եթե այդ համակարգում սխալ կա, դրա պատասխանատուն առաջին հերթին դատավորը չէ, երկիրն է: Եվ դրա համար երկիրը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովի ավելի որակյալ արդարադատություն»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան բազմաթիվ հայցեր ներկայացրած «Հելսինկյան Ասոցիացիա»-ի փաստաբանները տարակուսանքով են արձագանքում Դավիթ Հարությունյանի խոսքերին: Փաստաբան Նինա Կարապետյանցը սկզբունքորեն դեմ չէ, որ եվրոպական դատարանի վճիռները պետական բյուջեից փոխհատուցվեն, պայմանով, որ այդ նույն պետությունը նաև դատավորի ապօրինությանը գնահատական տա:

«Ինչո՞ւ պիտի դատավորի ակնհայտ ապօրինի գործողությունների համար, դիտավորյալ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների պարագայում ինչո՞ւ պետք է վճարի ժողովուրդը», - հարցնում է նա: - «Նորմալ երկրում սա կլիներ ճիշտ, որ մենք վճարենք պետբյուջեից, եթե վստահում ենք դատարանին: Բայց քանի որ համատարած անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ․․․»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը շարունակում է՝ Հայաստանի քաղաքացին կրկնակի է վճարում արդարադատության համար:

«Մի դեպքում վճարենք չկայացած արդարադատության համար՝ այդ նույն դատավորի աշխատավարձի համար, մեկ այլ դեպքում՝ վճարենք հարկեր, որպեսզի այդ դատավորի սխալը ուղղելու նպատակով անձին վճարեն հատուցում», - մեկնաբանում է փաստաբանը:

Փաստաբան Արմինե Ֆանյանը Դավիթ Հարությունյանի հետ համաձայն է՝ դատարանը պետությունն է, անթույլատրելի է, որ դատավորն անձամբ վճարի իր սխալի համար․ - «Այդ դատավորների պաշտոնավարման շարունակության հարցը պետք է բարձրացվի: Շատ դեպքերում նաև, քանի որ նրանց կողմից ակնհայտ ապօրինի դատական ակտեր են կայացնում, նրանց քրեական պատասխանատվության հարցը պետք է բարձրացվի: Որևէ դատավոր չունենք դրա համար դատապարտված: Արդյո՞ք սա ցուցանիշ է, որ մենք չափազանց իրավական պետություն ենք և մեր դատարանները ակնհայտ ապօրինի դատական ակտեր չեն կայացնում: Իհարկե՝ ոչ: Սա պարզապես ամենաթողության մթնոլորտ է»:

Ավելին, Եվրոպական դատարանի աղմկահարույց վճիռներից հետո հայաստանցի դատավորներն անգամ պաշտոնանկ չեն արվել: Միայն Մատաղիսի գործով անցած տարի պետբյուջեից 50 հազար եվրո վճարվեց հայց ներկայացրած նախկին զինվորներին, նաև քաղաքական գործիչների հայցեր են բավարարվել եվրոպական ատյանում․ 2012 թվականին պետությունը ստիպված եղել 6,000 եվրո վճարել ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին՝ շուրջ երկու տարի ազատազրկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG