Մատչելիության հղումներ

Մսի թանկացմանը նպաստել է նաև արտահանման աճը․ Գյուղնախարար


Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան

Վերջին օրերին երևանյան խանութներում մսի կտրուկ թանկացումը Գյուղատնտեսության նախարարի համար խուճապի մատնվելու պատճառ չէ։ Մեղադրանքներն էլ, թե նախարարությունը «ձեռքերը ծալած նստած է», Իգնատի Առաքելյանն անհիմն է որակում, նշելով՝ թանկացում կա, բայց շուկան ինքնակարգավորվելու է, քանի որ թանկացման պատճառները գյուղացու հետ կապ չունեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշեց՝ անասնապահներն իրեն վստահեցրել են, որ մսի գինն իրենք չեն բարձրացրել: Ըստ նախարարի, իրականում գնաճի պատճառն այլ է։

«Իմ անձնական գնահատականն է՝ խոզի միսը միջազգային շուկայում թանկացել է, դա բերել է [Հայաստանում] խոզի մսի թանկացման: Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է, դա բերել է ոչխարի մսի թանկացման: Տավարի միսն այդքան չի թանկացել, որքան խոզինը և ոչխարինը, ընդամենը 100-150 դրամ: Դա թանկացում չի»,- ասաց նախարարը:

Վերջին օրերին երևանյան մի քանի խանութներում «Ազատության» դիտարկումների արդյունքում պարզ էր դարձել, որ տավարի միսը թանկացել է 300-ից 400 դրամով, ոչխարի միսը՝ 500-600 դրամով, խոզի միսը՝ 800-ից 1000 դրամով:

Թանկացումն իրականում կբերի մրցակցության ավելացմանն ու ոլորտի զարգացմանը, այսօր հայտարարեց նախարար Առաքելյանը։ Ըստ նրա, հնարավոր չէ գյուղացուն աղքատի կարգավիճակում պահել գյուղում, որպեսզի քաղաքացին էժան ապրանք գնի։ «Ես կանխատեսում եմ, որ մեր գյուղացին լինի հարուստ, քաղաքացին կարող է գնալ գյուղ, զբաղվել գյուղատնտեսությամբ»,- շարունակեց Իգնատի Առաքելյանը:

Քաղաքացիներին գյուղ տեղափոխվելու կոչ անող նախարարն ընդգծեց՝ մսի թանկացմանը նպաստել է նաև արտահանումը։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ արտահանվել է 13 599 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 12 500-ով ավելի։ Մանր եղջերավորների արտահանման թիվն էլ է աճել՝ այս տարի արտահանվել է 17 136 գլուխ, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 7711։

Ոչխարի և այծի թարմ կամ սառեցված մսի արտահանման ծավալների աճի մասին են վկայում են նաև ԱՎԾ թվերը։ 2016 թվականին արտահանվել է 2514 տոննա ոչխարի և այծի թարմ կամ սառեցված միս, 2015-ին այդ ցուցանիշը կազմել է 700 տոննա, 2014-ին՝ 307 տոննա։ Սպառման հիմնական երկրներն են Իրաքը, Կատարն ու Վրաստանը։

Գյուղատնտեսության նախարարն այսօր նշեց նաև, թե իր համար զարմանալի էր, որ գյուղացին տավարի մսի գինը չի բարձրացրել, բայց Երևանում այն թանկացել է։ «Չեմ կարող գնահատել, թե ինչու է թանկացել»,- նշեց նա:

Նախարարի այս հայտարարությունը տարօրինակ որակելով՝ պառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը թանկացումների համար մեղադրեց հենց ոլորտի համար պատասխանատու գերատեսչությանը։ Պիպոյանի խոսքով՝ ոլորտային քաղաքականություն իրականացնող մարմինն այսօր բարձիթողի վիճակում է․ «Իրականում մսի շուկայում ունենք նման խայտառակ պատկեր, որովհետև չունենք գյուղնախարարություն»: Պիպոյանը կանխատեսմամբ, շուտով կթանկանա նաև տավարի միսը։ Ըստ նրա՝ հիմա անասնակերի թանկության պատճառով սկսված մորթը զսպում է գինը, բայց երբ կառաջանա գլխաքանակի պակաս, թանկացումն ավելի շոշափելի կլինի։

Թեև ամենաքիչը թանկացել է հենց տավարի միսը, սակայն դա արդեն իսկ ազդել է սպառողների դրամապանակի պարունակության վրա։ «Ազատության» հետ զրույցում քաղաքացիները դժգոհեցին, որ թանկացմանը զուգահեռ, ընկել է նաև մսամթերքի որակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG