Մատչելիության հղումներ

Ուսման համար տարկետում կտրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում


Ուսումնական տարկետումները չպետք է օգտագործվեն` զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծին:

Նախագծով առաջարկվում է՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ, դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։

Ըստ այդմ, քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի քան նրա 26 տարին լրանալու օրը:

Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։

Վիգեն Սարգսյան. - Տարկետման իրավունքը չի վերացվում, տարկետման իրավունքն ուղղակի փոխշաղկապվում է ծառայության տեսակի հետ, և այն քաղաքացին, որը ստանալով բարձրագույն կրթություն, ուզում է օգտակար լինել և ծառայել Զինված ուժերում որպես սպա, մենք նրան տալիս ենք այդպիսի հնարավորություն։

«Ազատություն». - Հոդվածն ասում է, որ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։

Վիգեն Սարգսյան. - Այո, այսինքն՝ պատրաստակամություն է հայտնում սպայական ծառայություն անցնելու՝ բակալավրի կոչում ստանալուց հետո։

«Ազատություն». - Բայց նա կարո՞ղ է հրաժարվել։

Վիգեն Սարգսյան. - Չէ, իհարկե չէ։ Նա ծառայում է որպես սպա՝ վճարովի հիմունքներով, ստանալով աշխատավարձ և ամբողջական փոխհատուցում իր ուսման վարձի և ապագայում մագիստրատուրայում սովորելու համար։

«Ազատություն». - Եթե չի կնքում այս պայմանագիրը, 18 տարեկանից արդեն նրան զորակոչում են բանակ։

Վիգեն Սարգսյան. - Այո։

«Ազատություն». - Ինչո՞ւ է այս դրույթը մեջտեղ բերվել, ինչո՞ւ է ընդհանրապես տարկետման նման փոփոխություն արվում՝ հաշվի առնելով դեմոգրաֆիակա՞ն վիճակը։

Վիգեն Սարգսյան. - Չէ, շատ կարևոր սկզբունք է այն առումով, որպեսզի ուսումնական տարկետումները չօգտագործվեն առհասարակ ծառայությունից ազատվելու համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին տարկետում ստացողների շատ փոքր տոկոսն է երբևէ զորակոչվում այնուհետև, հետևաբար գաղափարն այն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի սահմանադրությամբ սահմանված իր պարտականությունը պետության նկատմամբ՝ զինվորական ծառայության, հնարավորություն ունենա իրականացնի։

Ի դեպ, ովքեր այժմ ունեն տարկետման իրավունք, նրանց վրա օրենքն ընդունվելու դեպքում չի տարածվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Ովքեր այժմ ունեն տարկետում, նրանց վրա չի տարածվելու այս փոփոխությունը՝ և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում», - ասաց նախարարը։

Նշենք, որ օրենքի նախագծի շուրջ այսօր հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում իրավապաշտպանները մտահոգություն էին հայտնում։ Մասնավորապես՝ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք ուսումնական պրոցեսը երեք տարով ընդհատելով գիտությամբ զբաղվողների համար լուրջ խոչընդոտներ չեն ստեղծվում, ինչն էլ կարող է իր հերթին խթանել արտագաղթը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց հնչեցվող մտահգության հետ՝ պնդելով տարկետման իրավունքն իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն:

«Մենք ունենք պրակտիկա, որի մասին ես խոսեցի, առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբևէ այնուհետև զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ։ Այո՛, այս օրենսդրությունը շատ հստակ է ասում, որ սահմանադրական պարտավորությունը երկրի պաշտպանությանը մասնակցելու պետք է տարածվի բոլորի վրա։ Տեսեք, շատ երկար քննարկվում էր հասարակությունում՝ արդյո՞ք պաշտպանության նախարարը ծառայել է, թե՞՝ չի ծառայել։ Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է բոլոր իր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական սպայական ծառայության, ավարտից հետո՝ սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում», - ասաց նախարարը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, ընդգծում է՝ այս օրենքով ռազմականացնում են հասարակությունը, ինչն անընդունելի է:

Իրավապաշտպանի համոզմամբ, օրենքում նման փոփոխության պատճառը երկրի ժողովրդագրական ծանր վիճակն է, ինչի պատճառով փորձ է արվում օգտագործել մարդկային ռեսուրսն ամբողջությամբ, բացառությամբ նրանց, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն:

Մինչդեռ, ըստ Սաքունցի, խնդիրը լուծելու համար պետք է վերացնել այն պատճառները, որոնք հանգեցրել են ժողովրդագրական վիճակի վատթարացմանը։

«Ես գտնում եմ, որ այս մոտեցումն ինքը եղած ռեսուրսների օգտագործման տրամաբանությամբ է ղեկավարվում և ոչ թե ռեսուրսներն ընդլայնելու, և դրա հաշվին միանշանակ որպես պրոֆեսիոնալ Զինված ուժերի սկզբունքով պաշտպանության ապահովման խնդիրն է լուծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Հավելենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG