«Ազատության» հետ հեռախոսազրույցում Իգիթյանը սկզբում նշեց, թե չի հայհոյել, այնուհետև իմանալով, որ տեսախցիկները ֆիքսել են դա, ասաց, թե հայհոյանքն օգտագործել է հարևանի հետ զրուցելիս և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին չի ասել․ - «Ես կողքիս նստածի հետ զրուցում էի, և որևէ մեկի հասցեին չէր․․․ Զրուցում էի բոլորովին ուրիշ թեմայով»:
Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանին այսօր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, գրող Ռազմիկ Դավոյանին, հաղորդավար Նարա Շլեպչյանին։ Իսկ երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը և բալետի պարող Սևակ Ավետիսյանը բնակարան նվեր ստացան։
Ավագանու կազմում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության խմբակցության և ընդդիմադիր «Երկիր Ծիրանի»-ի անդամների միջև վիճաբանությունը սկսեց այն բանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ այս քաղաքացիները պարգևատրվում են «անարդարությունների դեմ չպայքարելու և լռելու համար»․ - «Ստացել եք վաստակավոր արտիստի կոչում արյունոտ և պատերազմը պարտված ձեռքերից: Եվ հիմա էլ ուզում եք ստանալ բնակարան Երևանը քանդող, աղտոտող ձեռքերից: Հասկանալի է, որ այսպիսի շռայլ պարգևները հենց այնպես չեն տրվում: Դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու ու լռելու համար: Դրա համար պետք է նաև այս կետին դեմ քվեարկել»:
Նախագահի ու քաղաքապետի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո ելույթ ունեցավ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը․ - «Եթե որոշել եք ինչ-որ ցնորքով մեր կյանքը դժոխք դարձնել, ես այլևս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին: Մենք ձեզ դրախտ բերողը չենք, հաշվի առեք: Ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի և մեր վաստակի ու աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ»:
Կամո Արեյանի ելույթից հետո մեկ այլ հանրապետական՝ Արմեն Հովհաննիսյանը, շրջվեց, ու դիմելով Մարինա Խաչատրյանին, ասաց՝ «կերա՞ր, աղջի»:
Ավագանու անդամ Կարո Հովհաննիսյանը (ՀՀԿ) զգուշացրեց, որ դատի է տալու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին վիրավորելու համար։
«Երկիր Ծիրանի» խմբակցությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ Կամո Արեյանին չեն պատասխանի, իսկ իրենց դատի տվողներին պատրաստ են նախագահի ու քաղաքապետի հասցեին հնչեցրած գնահատականները հաստատող ապացույցներ ներկայացնել։