Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողի սպանություն հետ կապված ՀԱՊԿ-ից արձագանք ենք ակնկալում․ Կորյուն Նահապետյան


Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում երեկ կեսօրին ստացած հրազենային վիրավորման հետևանքով զինվորական հոսպիտալում մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանը։

Հայաստանի սահմանին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զինծառայողի զոհվելու կապակցությամբ Երևանում ՀԱՊԿ-ից արձագանք են ակնկալում։ «Ազատության» հետ զրույցում խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն, այդուհանդերձ, նշեց՝ չնայած իրենց սպասելիքներին, արձագանքելու հարցը ՀԱՊԿ ղեկավարներն են որոշում։

«Միշտ չէ, որ այդ ակնկալիքները բավարարվում են: Ուղղակի պետք է հաշվի առնենք մի հանգամանք, թե այս կամ այն միջազգային կազմակերպությունն իր կանոնադրական խնդիրների և գործառույթների շրջանակում ինչպիսի պարտավորություններ ունի: Այդ իմաստով պետք է ուղղակի քննարկել՝ ինչու՞ այս կամ այն դեպքում միջազգային կազմակերպությունը արձագանքեց կամ չարձագանքեց»,- ասաց Նահապետյանը:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» հայտնեց, որ նախնական տվյալներով՝ 1998 թվականին ծնված զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից: «Ակտիվացումը շատ չի, սահմանին լարվածության համընդհանուր աճ, որպես այդպիսին, չկա»,- նշեց ՊՆ խոսնակը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանի սահմանին վերջին անգամ զոհ այս տարվա առաջին եռամսյակում էր գրանցվել։ Հովհաննիսյանը նշեց, թե չի կարող մեկնաբանել միջադեպի հնարավոր պատճառները, միայն ասաց՝ այժմ սահմանին իրավիճակը հանգիստ է։

Հակառակորդի կողմից զինծառայողի սպանությունը հայաստանյան փորձագետները կապում են առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման հետ։ Երկու երկրների նախագահներն այսօր մասնակցում են Սոչիում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այդ նիստի շրջանակներում երկու նախագահների հնարավոր հանդիպման մասին ոչինչ չի հաղորդվում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին հայտարարել, որ Սարգսյանն ու Ալիևը «հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»: Թե երբ, որտեղ և ինչ ձևաչափով կկայանա այդ հանդիպումը, միջնորդները չեն նշել:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով այժմ Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում է, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե սահմանին պարբերաբար կրակոցներ են հնչում: Նրա պնդմամբ՝ նման միջադեպերով ադրբեջանական կողմը փորձում է տապալել առաջիկայում կայանալիք երկու երկրների ղեկավարների բանակցությունները։ «Նման միջադեպերն առավելապես ուղղված են այն բանին, որ հակառակորդ կողմը տրվի էմոցիաների և տապալի բանակցային գործընթացը՝ ստնաձնելով դրա պատասխանատվությունը»,- ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով, հակամարտության լուծման այն տարբերակը, որն այժմ քննարկվում է, Ալիևին դուր չի գալիս, դրա համար էլ Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է փակել բանակցությունների էջն ու լեգիտիմացնել հարցն ուժով լուծելու տարբերակը։ Սաֆարյանի խոսքով, այս միջադեպի հետ կապված՝ հայկական կողմը պետք է կրկին բարձրացնի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, որը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներից հետո այդպես էլ կյանքի չկոչվեց: «Չի կարող բանակցության վերսկսում տեղի ունենալ, երբ դրանք ուղեկցվում են նման վտանգավոր միջադեպերով»,- նշեց Սաֆարյանը:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո Ալիևն իր բանեցրած քաղաքականության շնորհիվ հասավ այն բանին, որ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ պայմանավորվածությունը մոռացվեց: Ըստ քաղաքագետի, զինվորի սպանության վերջին դեպքը հենց դա է ապացուցում։ Սարգսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է անմիջապես հիշեցներ պայմանավորվածությունների մասին, ոչ թե սպասեր առաջիկա հանդիպմանը։

Մանվել Սարգսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս օրերին Հայաստանում անցկացվում են ՀԱՊԿ-ի զորավարժություններ: Մինչդեռ, քաղաքագետի համոզմամբ, Հայաստանի սահմանի վրա կրակելով՝ Ադրբեջանը ցուցադրում է, որ վստահ է՝ ՀԱՊԿ-ը եթե անգամ արձագանքի, ոչինչ չի փոխվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG