Մատչելիության հղումներ

Մադրիդն այսօր կանդրադառնա Կատալոնիայի անկախության «առկախված» հռչակագրին


Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնը ստորագրում է երկրամասի անկախության հռչակագիրը, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ.
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնը ստորագրում է երկրամասի անկախության հռչակագիրը, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ.

Իսպանիայի կառավարությունն այսօր գումարելու է արտակարգ նիստ, իսկ վարչապետ Մարիանո Ռախոյը խորհրդարանում ներկայացնելու է պաշտոնական Մադրիդի դիրքորոշումը երեկ Կատալոնիայի անկախության հռչակման մասին երկրամասի իշխանության ընդունած որոշման վերաբերյալ:

Երեկ Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնը հայտարարել է, թե անկախության գաղափարը մեծ աջակցություն ունի երկրամասում, որտեղ հոկտեմբերի 1-ին այդ հարցով հանրաքվե է անցկացվել:

Նրա պնդմամբ, հանրաքվեի արդյունքները երկրամասին ընձեռել են Իսպանիայից անջատման գործընթաց սկսելու իրավունք: Այնուամենայնիվ, Պուջդեմոնը երկրամասի օրենսդիր մարմնին առաջարկել է «հանուն բանակցությունների՝ միառժամանակ հետաձգել անկախության հռչակագրի իրագործումը»:

Ավարտելով ելույթը, Կարլես Պուջդեմոնը և անջատական տասնյակ պատգամավորներ ստորագրել են անկախության հռչակագիրը, որն անվանվում է «Կատալոնիայի ներկայացուցիչների հռչակագիր»:

Մադրիդը չի ճանաչում Բարսելոնայի գործողությունները: Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենզ դե Սանտամարիան ասել է, որ «Կատալոնիայի ղեկավարը չգիտի, թե որտեղ է ինքը, ում հետ է և ուր է ուզում գնալ»:

Հանրաքվեին մասնակցել է Կատալոնիայի ընտրողների 42 տոկոսը՝ մոտ 2 միլիոն 300 հազար մարդ:

Մասնակիցների 90 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: Երկրամասի իշխանությունը հանրաքվեի արդյունքը վավերական է համարել: Հանրաքվեն մերժող ընտրողները հայտնել են, որ բոյկոտելու են քվեարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG