ԱՄՆ-ը սառեցնում է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին
ԱՄՆ-ը երեկվանից դադարեցրել է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Այդ որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ թուրքերը, կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր հաստատելու մեղադրանքով, ձերբակալեցին Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի աշխատակից Մերին Թոփուզին:
Թուրքիան ափսոսանք է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի այդ որոշման համար և «հայելային քայլի» է դիմել՝ դադարեցնելով ամերիկացիներին թուրքական վիզաների տրամադրումը: Անկարան Միացյալ Նահանգներին կոչ է անում վերանայել վիզաների տրամադրումը սառեցնելու որոշումը:
Տակավին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին անվանել էր «մեր սիրելի ընկերը», Թրամփն էլ իր հերթին ասել էր՝ «երբեք թուրք-ամերիկյան կապերն այսչափ սերտ չեն եղել»:
Մինչդեռ, երեկ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հյուպատոսարանի թուրք աշխատակցին ներկայացված մեղադրանքներն «անհիմն» է անվանել, նաև ծանուցել է, որ դադարեցվում է չներգաղթողների վիզաների տրամադրումը և Անկարային կոչ է արել՝ հարգել դիվանագիտական աշխատողների անվտանգությունը երաշխավորելու միջազգային պարտավորությունը:
«Անցած շաբաթ, արդեն երկրորդ անգամ այս տարվա ընթացքում, թուրքական իշխանության կողմից ձերբակալվել է մեր դիվանագիտական ծառայության թուրք աշխատակիցը: Չնայած մեր գործադրած առավելագույն ջանքերին, մենք այդպես էլ չկարողացանք պարզել ձերբակալության դրդապատճառները և հիմնավորումները՝ եթե դրանք ընդհանրապես կան»,- ասել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Բասսը: Նրա փոխանցմամբ, հյուպատոսարանի թուրք աշխատակիցը չի ունեցել փաստաբանին տեսակցելու հնարավորություն:
Դեսպանը նախատել է թուրք իրավապահներին «տգեղ գործելակերպի» համար: «Առավել մտահոգիչ է այն, որ թուրք պաշտոնյաները մեղադրանքի մասին ակնհայտորեն տեղեկություններ են փոխանցել որոշ լրատվամիջոցների՝ հանգամանքը չքննարկելով ոչ կասկածյալի, ոչ էլ նրա փաստաբանի հետ»,- ասել է դեսպանը:
«Մենք ցեղախումբ չենք, կպատասխանենք նույն եղանակով»
Ի պատասխան ամերիկացիների որոշման, Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել ԱՄՆ փոխդեսպան Ֆիլիփ Կոսնեթը, նրան հայտնել են, թե «Անկարան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կվերականգնի մուտքի արտոնագրերի տրամադրումը»: Ուկրաինա այցելած նախագահ Էրդողանը ևս նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսում երեկ անդրադարձել է ամերիկացիների հետ վեճին:
«Թուրքիան օրենք հարգող պետություն է, մենք ցեղախումբ չենք, որն ապրում է ինչ-որ ցեղերի տարածքում: Ինչ էլ ցանկանան բացատրել կամ անել ամերիկացիները, Թուրքիայի Հանրապետությունը կպատասխանի բացարձակ նույն եղանակով, որի հիմքում փոխադարձության սկզբունքն է, այդ է պահանջում իրավիճակը»,- ասել է Էրդողանը:
«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն կվերանայի այդ որոշումը, մեր արտգործնախարարությունը ուսումնասիրել է խնդիրը, հանդես է եկել համապատասխան հայտարարություններով: Սա իրավական հարց է, մենք պետք է հետևենք իրավական ընթացակարգին և վստահենք դատարաններին ու իրավական համակարգին»,- այսօր էլ նման հայտարարություն է արել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը:
Reuters-ի փոխանցմամբ, Թուրքիայի շարքային քաղաքացիներն առավել հակված են ամերիկյան կողմին մեղադրել: «Միացյալ Նահանգները սխալ քայլ է արել, մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք և բարեկամ երկիր, նրանք սխալ են անում՝ դադարեցնելով վիզաների տրամադրումը»,- ասել է Անկարայի բնակիչ Հասան Յիլդրիմը: «Դա սպասելի էր, ամեն ինչ դրան էր գնում, բայց մյուս կողմից չի նշանակում, թե դա Ամերիկայի մեղքը չէ»,- նկատել է մայրաքաղաքի մեկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Ֆարուքը:
«Հարցը պետք է հնարավորինս արագ լուծել»
Այսօր Անկարայում այս թեմային է անդրադարձել նաև կառավարության ղեկավարը, ով խորհրդարանում հանդիպել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խմբակցության հետ: «Պատշաճ չէ, երբ դաշնակից երկրները խնդիրներ են ունենալիս պատժում են քաղաքացիներին: Մենք Միացյալ Նահանգներին հորդորում ենք ավելի ողջամիտ լինել, հարցը պետք է հնարավորինս արագ լուծել»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Էրդողանը շարունակում է մոլեգնել
Ուկրաինայից Սերբիա մեկնած Էրդողանն այսօր էլ ավելի հեռուն է գնացել, ասելով, թե Վաշինգտոնից պահանջում է փոխել Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, քանի որ Ջոն Բասսին այլևս դեսպան չի համարում:
Թուրքիան Միացյալ Նահանգներից պահանջում է արտահանձնել ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին, ով, ըստ պաշտոնական Անկարայի, 2016 թվականի հուլիսյան ձախողված հեղաշրջման կազմակերպիչն է: Գյուլենը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Ի դեպ, երկու դաշնակից երկրների տարաձայնություններն արդեն ազդել են շուկայի վրա՝ Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքը և բորսաներում թուրքական արժեթղթերն անկում են գրանցել: