Մատչելիության հղումներ

Փոստանջյանի համոզմամբ՝ իշխանությունից գոհ մարդիկ գրեթե չկան


Զարուհի Փոստանջյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Զարուհի Փոստանջյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ ամենևին շատ չեն այն քաղաքացիները, որոնք գոհ են նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, ինչի ականատեսն են դառնում իրենց մարզային ուղևորությունների ընթացքում:

Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, հիշեցնենք, սեպտեմբերին հայտարարել էր «համակարգային փոփոխություններին» միտված գործողություններ սկսելու մասին: Այդ գործողությունների շրջանակում Փոստանջյանն իր կուսակիցների հետ շրջագայությունների շարք է սկսել Հայաստանի տարբեր մարզերում:

«Ազատության» հարցին՝ մարզային այցերի ընթացքում ճնշումներ զգու՞մ եք, Փոստանջյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որ ուղղակիորեն Ճնշումներ տեղի են ունեցել, բայց, այնուամենայնիվ, այն, որ և՛ ոստիկանությունը, և՛ հատուկ ծառայությունները մեզ հետևում են, ինչը տեսանելի է մեզ, դա միանշանակ է: Թե ինչի համար են դա անում, ես այս պահին չեմ կարող ասել»,- նախօրեին հյուրընկալվելով «Ազատության» տաղավարում, ասաց Զարուհի Փոստանջյանը, շարունակելով․

«Հազվադեպ են իշխանություններից գոհ քաղաքացիները, նրանք նաև մեզ հետևողների առջև էին փորձում իրենց գոհունակությունը հայտնել իշխանություններից: Լինում էին դեպքեր, երբ հատուկ մարդիկ էին ուղարկում, որպեսզի նրանք էլ նման հայտարարություններով հանդես գային: Դրանք ոչ թե մեծամասնություն են կազմում, այլ այն մարդիկ են, ովքեր ցանկանում են, այսպես ասած, իրենց տերերի մոտ լավագույնս ներկայանալ»:

Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, հանրությունն այսօր չի կարող գոհ լինել իշխանություններից: «Մարդիկ հասկանում են, որ պետությունն անկում կապրի, եթե այսպես շարունակենք: Դա բոլորը գիտակցում են, ոստիկանից սկսած, մինչև, կարելի է ասել, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սա հասկանալի է, տեսանեի է, շոշափելի է այս փաստը, որ պետությունը գնում է դեպի անկում: Արտագաղթի պատկերը, դատարկված գյուղերն ու քաղաքները, այդ ավերված գործարանները, փողոցներն այդ մասին են վկայում: Սա բոլորն են տեսնում»,- ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG