Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել Վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսը:
Ինչպես Ֆեյսբուքում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ընտրության վերջին՝ երրորդ փուլում Կիրիակիդեսը ստացել է 132 քվե, նրա միակ մրցակից՝ Լիտվան ներկայացնող Էմեանուելիս Զնիգերիսը՝ 84 ձայն:
Նախօրեին անցկացված երկրորդ փուլում Ստելլա Կիրիակիդեսը, ում թեկնածությունը պաշտպանում էր նաև հայկական պատվիրակությունը, ստացել էր 129, Էմեանուելիս Զնիգերիսը՝ 69 քվե: Թեև Կիպրոսի թեկնածուն առաջատարն էր, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ էր 152 կողմ ձայն: Այսօրվա ընտրությանը արդեն նախագահ ընտրվեց ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն։
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Պեդրո Ագրամունտը հայտարարեց «ԵԽԽՎ-ն այլևս չնախագահելու» իր որոշման մասին: