Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի հանրային քննարկումն անցավ թեժ մթնոլորտում


«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծի քննարկումը վերածվեց վիճաբանության այն բանից հետո, երբ օրինագծին դեմ հանդես եկողները չհամաձայնեցին նախատեսված հարցուպատասխանի ձևաչափին և ելույթներ պահանջեցին՝ սպառնալով այլ պարագայում լքել դահլիճն ու այլընտրանքային քննարկում կազմակերպել միջանցքում:

Երկար և թեժ վիճաբանությունից հետո օրինագծի ընդունմանը դեմ հանդես եկողներից 4 հոգու 3 րոպեանոց ելույթի իրավունք տրվեց: Սակայն 4 հոգու փոխարեն ելույթ ուենցավ միայն Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Նա կասկածի տակ դրեց ընտանեկան բռնության վերաբերյալ բերված վիճակագրությունը և պնդեց, թե այն թելադրված է արտերկրից, որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա․ - «Դա պարոն, պան Պյոտր Սվիտալսկին է: Ահա թե որտեղից է «հասարակական պահանջը» գալիս․․․»

Դահլիճից արձագանքեցին, թե հասարակական պահանջ լինել-չլինելու մասին միայն մի խումբ քաղաքացիներ չեն կարող խոսել․ առաջին հերթին կարող են խոսել այդ բռնությունների զոհերը:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը արձագանքեց․ - «Շատ նորմալ եմ համարում, որ դուք ձեզ համարում եք հանրային կարծիքի ներկայացուցիչներ։ Բայց նույնանման հնարավորության իրավունք ունեն նաև այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ մասնագիտացված զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ: Եվ այս առումով մի քիչ տարօրինակ է․ եթե գոյություն ունեն հասարակական կազմակերպություններ կամ անհատներ, որոնք կտրականապես դեմ են այս օրենքին, բայց մինչև այս օրենքի քննարկումը որևէ քայլ այս ոլորտում չեն ձեռնարկել, դա առնվազն տարօրինակ է»:

Թեև Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բազմիցս կրկնեց, որ այս նախագծով երեխաներին ծնողներից վերցնելու որևէ մեխանիզմ չի սահմանվում, և որ օրինագիծը բացառապես ընտանեկան բռնության կանխարգելմանն է ուղղված և բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը, մի խումբ քաղաքացիներ, միևնույն է, շարունակում էին պնդել իրենց տեսակետը՝ երբեմն վիրավորելով նաև իրենց հետ համաձայնություն չհայտնողներին:

Օրինակ, նախարարի հետ ռուսերենով վիճաբանող մի կին, լսելով արևմտահայերեն խոսք, նրան անվանեց «ոչ հայ»:

Երբ օրենքին ընդդիմացողների խմբից ևս մեկ անձ փորձեց ելույթ ունենալ և վերցրեց խոսափողը, թեև դա նախատեսված չէր, քննարկումը լքեցին արդեն Արդարադատության նախարարն ու դահլիճում ներկաների մի մասը:

Դավիթ Հարությունյանն ասաց, թե նման արձագանքն իր համար սպասելի էր՝ հավելելով, թե Կառավարությունը վճռական է օրինագիծը խորհրդարան ուղարկելու հարցում:

Դահլիճը լքողներից էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց․ - «Ենթադրում են, որ Եվրոպական միության կողմից ա թելադրված․․․ Նախ, փոխնախարարը ներկայացրեց, որ որևէ թելադրանք չկա․․․ Պարզ ասեմ՝ ոչ թե Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների կամ ՄԱԿ-ի կողմից են պարտադրանքներ լինում, այլ պետությունն ա վերցնում պարտավորություններ: Սա մեկ: Բայց նույն մարդիկ, երբ որ կա պարտադրանքը Ռուսաստանի Դաշնության կողմից, զարմանալիորեն բերանները ջուր առած լռում են․․․ Եվ շատ ավելի խայտառակ պարտադրանքներ կան՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, էներգետիկ և այլն»:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ասաց, որ երևակայական հրեշներ պետք չի փնտրել օրենքում, դավադրություն պետք չի փնտրել, լավ կլիներ իհարկե, որ ընտանեկան բռնության կանխարգելմանը ավելի շատ նաև եկեղեցուն մասնակից դարձնեին, ուշադրություն դարձնեին այդ բռնությունը ծնող կրթական, հոգևոր, սոցիալական բացերին, սակայն արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրինագիծ իր տիրույթի վերաբերյալ:

«Եվ նույնիսկ եթե ասենք, մի օտար միջամտություն կա և օտար ինչ-որ մեկին հաճոյանալու միտում կա, կամ այդ վիզային ռեժիմին հասնելու ձգտում կա: Բայց ինչու անպայմանորեն տեսնենք մի դավադրություն, որը չկա: Ես, օրինակ, դավադրություն չեմ տեսնում․․․ Առավել ևս այնպիսի դավադրություն, որ վաղը-մյուս օրը մեր երեխաներին պիտի խլեն ծնողներից և պիտի հանձնեն ուրիշներին, կամ ապաստարաններ պիտի տան: Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա այդ, չկա ընտանեկան բռնությունը, էդ ո՞վ կարող է մեր երեխաներին խլել: Եթե ես նորմալ ընտանիք ունեմ, սիրող հայր եմ, սիրող ամուսին եմ, սիրող զավակ եմ, և սիրում եմ, սիրված եմ, էդ ընտանեկան բռնության կանխարգելման կամ չգիտեմ որ օրենքի ո՞ր հոդվածը ինձ պիտի վնասի․․․ Էնպես որ, երևակայական հրեշներ մի ստեղծեք, երևակայական հրեշների դեմ մի պայքարեք, միմյանց նկատմամբ հանդուրժող եղեք, միմյնաց մեջ թշնամի մի տեսեք և դավադրություն էլ առավել ևս մի տեսեք: Բայց Արդարադատության նախարարությանն էլ իմ հորդորը կլինի, որ այս բոլոր մտահոգությունները, այս բոլոր դիտողությունները, այս բոլոր վախերը, երկյուղները թող հաշվի առնեն և փարատեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG