Թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերություններում աննախադեպ դիվանագիտական սկանդալ է հասունանում: Նախօրեին Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարեց, թե դադարեցնում է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Ժամեր անց նույն քայլին դիմեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը՝ դադարեցնելով թուրքական վիզաների տրամադրումը ԱՄՆ-ի քաղաքացիներին:
ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերությունները սրվեցին անցած շաբաթ, երբ Էրդողանի վարչակազմը ձերբակալեց Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից, Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Թուրքական իշխանությունները պնդում են, թե ամերիկյան դիպկորպուսի աշխատակիցը կապեր է ունեցել Էրդողանի կատաղի ընդդիմախոս, տարիներ ի վեր Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, ում պաշտոնական Անկարան մեղադրում է անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ:
«Վերջին զարգացումները հարկադրեցին վերագնահատել՝ Թուրքիայի կառավարությունը որքանո՞վ է հանձնառու՝ ապահովել Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության և անձնակազմի անվտանգությունը»,-հայտարարեց Վաշինգտոնը: Ի պատասխան, Անկարան հար և նման հայտարություն տարածեց՝ նույնատիպ մեղադրանքներ հնչեցնելով Միացյալ Նահանգների հասցեին: Ընդ որում, Անկարան շարունակում է պնդել, թե չի ընկրկելու, Վաշինգտոնից պահանջելով առաջին քայլն անել և որ ամենակարևորն է՝ արտահանձնել Նահանգներում ապաստանած Ֆեթուլա Գյուլենին:
Ավելին, թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Անկարայում ամերիկյան դիվանագիտական առաքելության երկրորդ աշխատակցին ձերբակալելու որոշումն է կայացվել, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: «Թուրքիայում Թուրքիայի քաղաքացուն պատասխանատվության ենթարկելը մեր իրավունքն է, և ես հույս ունեմ, որ Վաշինգտոնը կվերանայի իր որոշումն այս լույսի ներքո»,- «Հաբեր TV»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, ընդգծելով՝ ձերբակալման որոշումն իրավապահ մարմիններն են կայացրել, և Թուրքիայի կառավարությունը դրան որևէ կերպ չի կարող միջամտել:
Ժամեր առաջ էլ Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում ԱՄՆ-ի փոխդեսպանը: Ըստ հաղորդումների, թուրքական կողմը պնդել է, թե վիզաների տրամադրման դադարեցումն անհարկի լարվածություն է մտցրել երկկողմ հարաբերություններում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը կվերանայի այդ որոշումը:
Վերջին զարգացումները ոչ միայն հարցականի տակ են դրել թուրք-ամերիկյան երբեմնի ջերմ հարաբերությունները, այլև հարվածել թուրքական տնտեսությանը: Ազգային արժույթը՝ լիրան, վերջին մեկ օրվա ընթացքում 2,5 տոկոսով արժեզրկվել է դոլարի համեմատ, բորսաները ևս անկում են արձանագրել: «Թուրքական ավիաուղիների» բաժետոմսերն, օրինակ, արժեզրկվել են 8, թուրքական «Պեգասուսինը»՝ շուրջ 7 տոկոսով:
Փորձագետները նշում են, որ երկկողմ սահմանափակումները վնաս կհասցնեն զբոսաշրջությանն ու գործարար կապերին, փաստելով՝ եթե լիրայի արժեզրկումը շարունակվի, Թուրքիայի կենտրոնական բանկը ստիպված կլինի շտապ ու արտահերթ քայլերի դիմել՝ տնտեսության վայրիվերումները կանխելու համար: