Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Ռազմատեխնիկական համագործակցությունը Բելառուսի և Ադրբեջանի միջև շարունակվելու է


«Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը չի խախտում միջազգային նորմերը և այն շարունակվելու է», - այսօր ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդգծելով․ - «Չեմ ուզում ոչ մեկի առջև արդարանալ, թե ինչպիսի բնույթ է կրում մեր համագործակցությունը, ուզում եմ միայն ասել, որ այն չի խախտում որևէ միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձև»:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսի նախագահը հերթական անգամ ընդգծել է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունները»: Ավելին՝ Լուկաշենկոն հավելել է, որ շատ լավ հիշում է, թե ինչպես է «Ադրբեջանի նախագահը օգնել Բելառուսին վատ պահերին»:

Բելառուսի նախագահը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում օգնել Ադրբեջանին․ - «Որպեսզի ադրբեջանցիները նույնքան ապահով և հանգիստ իրենց զգան, ինչպես բելառուսցիները, պետք է ուժեղացնեն պաշտպանությունը: Մենք միասին աշխատում ենք այս ուղղությամբ և շարունակելու ենք աշխատել»:

Նա հատուկ ընդգծել է իր բարեկամական հարաբերությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, իր հերթին, ասել է, թե երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը չի հակասում միջազգային նորմերին՝ հավելելով, թե այդ ոլորտում «կան լավ նախագծեր»:

«Այն սարքավորումները, որ մենք ստացել ենք Բելառուսից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, բարձր որակի են, և ադրբեջանական բանակը դրանք հաջողությամբ օգտագործում է: Մեքն ուզում ենք շարունակել համագործակցությունն այս ոլորտում», - ասել է Զաքիր Հասանովը:

Բելառուսը դե յուրե Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Սակայն, ինչպես և այդ կազմակերպության անդամ մյուս երկրները, հատկապես Ղազախստանը, ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

Այս տարվա հունվարին Իլհամ Ալիևը Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգևատրել էր երկրի բարձրագույն՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով: Ի պատասխան Լուսաշենկոն խոստացել էր «վաստակել այդ շքանշանը կրելու իրավունքը», և երկու շաբաթ անց Ղարաբաղ այցելելու պատճառով Մինսկում ձերբակալված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսը հանձնեց Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG