Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի գործով դատավարությանը հրապարակվեց մեղադրյալներից Կարեն Քոչարյանի ցուցմունքը


Սամվել Բաբայանի գործով մեղադրյալ Կարեն Քոչարյանը պնդում է, որ ներկոտված եվրոները ստացել է հենց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարից, որպեսզի փորձի քիմիական մաքրման միջոցով վերականգնել դրանց տեսքն ու շրջանառության մեջ դնել:

Քոչարյանն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ, հարցերի պատասխանել, բայց նաև պնդեց, որ չի հրաժարվում նախաքննական ցուցմունքից, որը հրապարակեց դատավորը:

«Տվեց ինձ քսան եվրոյանոց թղթադրամ, որը մի քիչ ներկոտված և մաշված էր, և խնդրեց ինձ տանել ինչ-որ մի փոխանակման կետ և ստուգել արդյոք այդ թղթադրամնը իրակա՞ն է, թե՞ կեղծ:Ես գնացի Կասյան փողոցի վրա փոխանակման կետ, որը [թղթադրամը] նայելուց հետո աշխատակիցը ինձ հայտնեց, որ նշված թղթադրամը կեղծ չէ, սակայն նա չի կարող դա ընդունել, քանի որ այն մաշված է և ներկոտված»:

Կարեն Քոչարյանը Սամվել Բաբայանին ասել է, որ թղթադրամները որոշ տոկոսային պահումների դիմաց, որպես հնամաշ փողեր կարելի է փոխանակել բանկերում, բայց, ըստ այսօր հրապարակված ցուցմունքի, Բաբայանը հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է եվրոները մաքրել ներկանյութից ու վերականգնել տեսքը: Քոչարյանը խոստացել է հետաքրքրվել ու «փորձել հարցը կարգավորել»:

Կարեն Քոչարյանը այս գործով անցնող մեղադրյալ իր եղբոր՝ Անդրանիկի միջոցով դիմել է համագյուղացի՝ բուժականցի Ժորա Զաքարյանին, ով քիմիայի բնագավառում լավ գիտելիքներ ունի․ - «Մի քանի օր անց Ժորան զանգահարեց ինձ ու ասաց, որ որոշակի գործողություններ կատարելուց հետո վերադարձրել է թղթադրամը, որը, ըստ իր տեսածի, նույնն էր մնացել: Որից հետո այն փոխանցեցի Սամվել Բաբայանին: Դրանից հետո, մի որոշ ժամանակ անց Սամվել Բաբայանը ինձ կրկին փոխանցեց նույն վիճակում գտնվող և նույն տեսքով ևս երեք հատ թղթադրամ, որոնք ես Անդրանիկի միջոցով փոխանցել եմ Ժորային՝ դրանք կարգավորելու և մաքրելու համար»:

Հետագայում Սամվել Բաբայանը Կարեն Քոչարյանին խնդրել է կազմակերպել հինգ հազար եվրոյի տեղափոխումը Մոսկվայից Երևան: Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ ինչ-որ մեկը Ռուսաստանում իրեն պարտք է այդ գումարը: Ցուցմունքում Քոչարյանն ասել է․ - «Ես նշված թղթադրամների մաշվածության և ներկոտվածության մասին իմացրել եմ Սամվել Բաբայանին, սակայն նա ինձ չի ասել, որ դրանք նույնպես պետք է տարվեն Ժորայի մոտ: Միայն ասել է, որ կեղծ չեն»:

Կարեն Քոչարյանը աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում: Սամվել Բաբայանին ճանաչում է երկար տարիներ․ Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունում է աշխատել:

Փողերի մասով մեղադրյալներից նա միակն է, ով հայտարարել է, որ Բաբայանի մասնակցության մասին: Մյուսները նախաքննական ցուցմունքներում Սամվել Բաբայանի մասին ոչինչ չեն հայտնել, նրանք ևս այսօր հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ:

Կարեն Քոչարյանի եղբայրը ցուցունքներից մեկում գրել էր, թե թղթադրամները կեղծ են, այսօր հստակեցրեց՝ քննիչն է այդպես ասել:

«Քննիչն ասել է, դու էլ գրել ես», - տեղից բացականչեց Սամվել Բաբայանը:

Ինքը Բաբայանը ցուցմունք կտա արդեն հաջորդ նիստին: Եվրոներից բացի, նա մեղադրվում է նաև, որ դրդել է մի խումբ անձանց` ապօրինի կերպով «Իգլա» զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել:

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, երբ ակտիվ աջակցում էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG