Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Վանաձորում մասնակցել է Վանաձորի օրվա տոնակատարությանը և «Բարեկամության երթ»-ին: Նախքան այդ, մարզային և քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ, նա շրջայց կատարեց քաղաքում՝ ուսումնասիրելով այն վայրերը, որոնք հնարավոր է զբոսաշրջային կենտրոն դարձնել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե բազմաթիվ գաղափարներ ունեն և առաջիկայում պատրաստվում են Վանաձորում զբոսաշրջությունը զարգացնելու նախագիծ ներկայացնել վարչապետին: Զեյթունցյանի խոսքով՝ նպատակն իրականություն դարձնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ:
Կարեն Կարապետյանին այսօր վանաձորցիներից շատերը նամակ հանձնեցին: Նրանց թվում էին նաև 6 տարի շարունակ իրենց աշխատավարձը ստանալու համար պայքարող «Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատակիցները: Ի դեպ՝ նրանք արդեն երկրորդ անգամ են նամակ հանձնում վարչապետ Կարեն Կարապետյանին:
Վարչապետը Վանաձորում իր շրջայցի ընթացքում ուշադրություն էր դարձնում հատկապես քաղաքի մաքրությանը և շեշտում՝ այն պարտադիր պայման է զբոսաշրջության զարգացման համար: