Մատչելիության հղումներ

Ի՞նչ ազդեցություն կունենան Քուրդիստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեները ԼՂ խնդրի վրա․ Քննարկում


Մանվել Սարգսյանը և Վահրամ Պետրոսյանը «Ազատության» տաղավարում, 7-ը հոկտեմբերի, 2017 թ․
Մանվել Սարգսյանը և Վահրամ Պետրոսյանը «Ազատության» տաղավարում, 7-ը հոկտեմբերի, 2017 թ․

Վերջին 10 օրվա ընթացքում անկախության հանրաքվեներ տեղի ունեցան Իրաքյան Քուրդիստանում և Կատալոնիայում: Երկու դեպքում էլ մասնակիցների ջախջախիչ մեծամասնությունն «այո» ասաց անկախությանը:

Հայաստանում նման գործընթացներին հետևում են մեծ ուշադրությամբ, ակնկալելով, որ դրանք կարող են նպաստել ինքնորոշման իրավունքով առաջնորդվող ժողովուրդների ձգտումներին և, միջազգայնորեն ճանաչվելու պարագայում, նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար:

Ըստ այդմ՝ ի՞նչ նշանակություն ունեն այս հանրաքվեները Հայաստանի առջև ծառացած խնդիրների տեսանկյունից: Այսօր «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում նաև այս հարցի շուրջ են իրենց նկատառումներն ու գնահատականները հայտնում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանն ու Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ միջազգային հանրությունն ավելի ու ավելի հաճախ է սկսել ականատեսը դառնալ աշխարհի տարբեր հատվածներում արձանագրվող՝ ինքնորոշմանը միտված գործընթացների հետ: «Իհարկե, տարբեր ժողովուրդների շրջանում տեղի ունեցող ինքնորոշման այդ ակտերը ստեղծում են տարբեր իրավիճակներ և քաղաքական պրոցեսներ:

Այս դեպքում նախադեպի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, նման խնդիր չկա: Բայց հետաքրքիր է այն, որ 90-ականներից սկսած՝ աշխարհն ավելի հաճախ է առնչվում նման երևույթների հետ: Սա արդեն իսկ դառնում է վերելք ապրող, համընդհանուր միտումի վերածվող քաղաքական պրոցես՝ ավելի ու ավելի լուրջ տեղ զբաղեցնելով միջազգային քաղաքականության մեջ»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Ըստ քրդագետ Վահրամ Պետրոսյանի, անկախ երկընտրանքից՝ «մտնել թե չմտնել այս խաղերի մեջ», Հայաստանն արդեն իսկ խաղի մեջ է: «Այլ բան է՝ մենք կխաղանք թե չէ, բայց որ խաղի մեջ ենք, դա հաստատ է: Փաստ է նաև, որ Քուրդիստանի հանրաքվեն, դրական կամ բացասական, բայց հետագա զարգացումների կոնտեքստում ունենալու է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևոր փոփոխությունների նշանակություն»,- նկատում է Վահրամ Պետրոսյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG