Մատչելիության հղումներ

Ռուսական եկեղեցու կառուցումը «հայապահպանության համար է արվում»․ Արա Աբրահամյան


Կաթողիկոս Գարեգին երկրորդը և Արա Աբրահամյանը մասնակցում են ռուսական եկեղեցու բացմանը, Երևան, 7-ը հոկտեմբերի, 2017 թ․
Կաթողիկոս Գարեգին երկրորդը և Արա Աբրահամյանը մասնակցում են ռուսական եկեղեցու բացմանը, Երևան, 7-ը հոկտեմբերի, 2017 թ․

«Ռուսաստանի հայերի միության» նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում նաև ասաց, թե քաղաքականությամբ առայժմ չի զբաղվում՝ «առողջական խնդիրների հետ կապված»:

Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ կառուցված ռուսական եկեղեցին։ «Սուրբ Խաչվերացի» անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ չկային:

Արարողությանը ներկա Արա Աբրահամյանը, ով նաև «Համաշխարհային հայկական կոնգրես» կազմակերպության նախագահն է, լրագրողների հետ զրույցում ասաց, թե մեծ ուրախությամբ է կառուցել եկեղեցին, այն խորհրդանշում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ «Իմ միջոցներով եմ, իհարկե, կառուցել: Ոչ մեկը ոչ մի ռուբլի չի տվել, 100 տոկոս: Մեծ ուրախությամբ սա ես պետք ա նվիրեմ ռուս ուղղափառ եկեղեցուն, բարեկամության համար»,- ասաց Աբրահամյանը, հավելելով՝ մենք կարող ենք ոչ միայն մեր, այլև բարեկամ ժողովրդի եկեղեցիները կառուցել:

ՌՀՄ նախագահը խոսեց նաև Սփյուռքի, հայոց լեզվի ու հայկական մշակույթի պահպանման կարևորության մասին, միևնույն ժամանակ պնդելով՝ ռուսական եկեղեցի կառուցելով, ինքը հենց հայապահպանության խնդիր է լուծում: «Ես երջանիկ եմ, որ կառուցել եմ ռուս եկեղեցի, ուրախությանս չափ չկա: Սա իմ առաջին եկեղեցին չի: Ռուսաստանում 3 միլիոնից ավելի հայեր կան, մենք կառուցել են 100 եկեղեցուց ավել, էդ մարդիկ և՛ հող են տալիս, և՛ հարկերից հանում են, և՛ միջոցներ են ստեղծում, որ մենք դա կառուցենք, որ մենք մեր հայ ինքնությունը, մեր մշակույթը պահպանենք: Այ սա՛ հայապահպանության համար ա արվում»,- շեշտեց Աբրահամյանը:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարը կուսակցություն հիմնելու և ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել: Խոսքը, սակայն, գործի չվերածվեց։ Աբրահամյանն այսօր դա այսպես պատճառաբանեց՝ քաղաքականությամբ առայժմ չի զբաղվում «առողջական խնդիրների հետ կապված»:

Արա Աբրահամյանը Հայաստանում է ոչ միայն իր ֆինանսավորմամբ կառուցված ռուսական եկեղեցու բացմանը մասնակցելու համար: Նախօրեին Երևանում կայացավ նրա կազմակերպած բիզնես ֆորումը: ՌՀՄ նախագահն այսօր նեղսրտեց՝ ֆորումին հայ հայտնի գործարարներ չէին ներկայացել, ինչը, ըստ նրա, այն իրողության վկայությունն է, որ «շատերը կորցրել են հավատը երկրի նկատմամբ»։

Աբրահամյանը Երևանում հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, մի շարք նախարարների հետ։ Լրագրողների հարցին՝ ռուսաստանաբնակ հայերը 2018 թ․ ապրիլից հետո ու՞մ կցանկանային տեսնել որպես Հայաստանի ղեկավար, «Ռուսաստանի հայերի միության» նախագահը պատասխանեց․ «Մենք ցանկանում ենք նրանց, ում հայ ժողովուրդը ընտրել և նշանակել ա: Մենք իրավունք չունենք, այլ երկրի քաղաքացի ենք, մենք չենք կարող այնտեղից թելադրել, թե այստեղ ում նշանակեն և գնահատենք իրենց աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG