Մատչելիության հղումներ

Գյումրիում աշխատանք փնտրողները բողոքում են տարիքային սահմանափակումից   


Աշխատանքի տոնավաճառ Գյումրիում, 4-ը հոկտեմբերի, 2017թ․
Աշխատանքի տոնավաճառ Գյումրիում, 4-ը հոկտեմբերի, 2017թ․

«Հեշտ է, եթե մինչև 35 տարեկան ես, 35-ից հետո տեղ չեն տալիս»,- բողոքեց գործազուրկ մի կին:

Գյումրիում օրերս անցկացված աշխատանքի տոնավաճառը բավականին բազմամարդ էր: Աշխատանք գտնելու հույսով 100-ավոր գործազուրկ գյումրեցիներ էին շտապել մասնակցության հայտ լրացնելու։

Աշխատանքի տոնավաճառին 30 գործատու 800 աշխատատեղ էր առաջարկում: Ամենաշատ աշխատատեղ առաջարկում էր «Սաստեքս» տեքստիլ ընկերությունը, որը, սակայն, դեռ չի էլ գործում: Սա այն 400 աշխատատեղն էր, որ դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր մի քանի տարի առաջ խոստացել մեկ տարվա ընթացքում ապահովել։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը տաղավարի մոտ ընկերության ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ե՞րբ է բացվելու գործարանը:

«Կախված է շինարարական աշխատանքներից»,- հայտնեցին քաղաքապետին:

«Հույս ունենք մինչև հոկտեմբերի վերջ բացել, երևի․․․ գիտեմ, որ սարքավորումների ներկրման հետ կապված խնդիր եղավ»,- իր հերթին լրագրողներին հայտնեց Բալասանյանը:

Չնայած աշխատաշուկայի առաջարկին, այնուհանդերձ, Գյումրիում աշխատանք գտնելը հեշտ չէ: Ամենամեծ խնդիրը, որին բախվում են աշխատանք փնտրողները, տարիքային սահմանափակումն է:

«Հեշտ է, եթե մինչև 35 տարեկան ես, 35-ից հետո տեղ չեն տալիս»,- բողոքեց գործազուրկ մի կին:

Զբաղվածության պետական ծառայության պետ Արտակ Մանգասարյանից հետաքրքրվեցինք, թե պետական մակարդակով ինչ է արվում, որպեսզի գործատուն վերացնի տարիքային սահմանափակման պահանջը: «Դա գործատուի իրավունքն է, նա, բնականաբար, ուզում է ավելի երիտասարդ կադրեր ունենալ, ամբողջ աշխարհում է այդպես»,- ասաց պաշտոնյան:

Հանրապետությունում, ըստ Մանգասարյանի, 6000-ով պակասել է գրանցված գործազուրկների թիվը: Այնինչ, Շիրակի մարզում գործազուրկների թիվը ոչ թե նվազում, այլ ավելանում է:

«Գործազրկության ցուցանիշով մեր մարզը առաջատար է, որը ցավով եմ նշում: Ունենք շուրջ 14 հազար հաշվառված աշխատանք փնտրող, որոնցից 11 506-ը ունի գործազուրկի կարգավիճակը, մեծ թիվ կազմում են կանայք: 140 գործազուրկով ավելացել է նախորդ տարվա ցուցանիշը», - հայտնեց Զբաղվածության ծառայության Շիրակի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Նշենք, որ Շիրակի մարզում առկա են այնպիս թափուր աշխատատեղեր, որոնք տարիներով չեն համալրվում: Հատկապես հեռավոր գյուղական բնակավայրերում մանկավարժների ու բուժաշխատողների պահանջ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG