«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով Երևան է ժամանել ամերիկացի աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Վաղը՝ հոկտեմբերի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում նա հանդես կգա մենահամերգով՝ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան): Ծրագրում՝ Վերդիի, Ռախմանինովի, Գլինկայի, Օֆենբախի, Գունոյի և այլ հեղինակների ստեղծագործություններն են ընդգրկված:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը շեշտեց՝ հայաստանցիների համար սա բացառիկ առիթ է՝ ունկնդրելու աշխարհահռչակ երգչուհուն, որը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգասրահներում: Ի դեպ, Ռենե Ֆլեմինգը 14 անգամ ներկայացվել է և 4 անգամ արժանացել «Գրեմի» հեղինակավոր մրցանակին: 2013 թվականին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման երգչուհուն պարգևատրել է արվեստագետներին տրվող ամենաբարձր պատվո մրցանակով՝ Արվեստների ազգային մեդալով:
Ինքը՝ Ռենե Ֆլեմինգն այսօր ասաց՝ երջանիկ է, որ Հայաստան է եկել, քանի որ այստեղ շատ ընկերներ ունի, նրանցից շատ է լսել ինչպես հայկական մշակույթի, այնպես էլ առհասարակ Հայաստանի մասին: «Ազատության» հարցին՝ ծանո՞թ է արդյոք հայկական երաժշտարվեստին, երգչուհին պատասխանեց՝ ընդհանուր առմամբ ոչ, բայց իհարկե՝ Խաչատրյանի երաժշտությունը լավ գիտի, երեկ էլ օպերային թատրոնում ունկնդրել է «Անուշ» օպերայից որոշ հատվածներ և «շատ տպավորված է»:
Ֆլեմինգն ասաց նաև, թե այսօր առավոտյան կայացած փորձից և մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո մի փոքր ազատ ժամանակ կունենա մինչև վաղվա համերգը, ուրեմն «կարող է ծանոթանալ հայկական արվեստին ու մշակույթին»: Փառատոնի կազմակերպիչների հետ կմեկնի Բյուրական՝ Արվեստների ակադեմիա, այնուհետև կծանոթանա նաև հայկական պատմամշակութային հուշաձաններին, որոնցից մեկում էլ հատուկ նրա համար հայկական հոգևոր երաժշտության համերգ է կազմակերպվելու:
Ի դեպ, մինչ լրագրողների հետ հանդիպումը, փորձից անմիջապես հետո, Ֆլեմինգն այսօր վարպետության դաս է անցկացրել երիտասարդ օպերային մեներգիչների հետ: Ասուլիսին ներկայացնելով իր տպավորությունները, նա շեշտեց․ «Նրանք շատ տաղանդավոր են, լավ կրթված և հրաշալի ձայներ ունեն»:
Երգչուհին խոսեց նաև դասական օպերային արվեստի մոդեռնացման մասին: Ասաց, որ ընդհանուր առմամբ այն հոգեհարազատ չէ իրեն, բայց «եղել են նաև այդ կարգի շատ լավ օպերային բեմադրություններ»: Ֆլեմինգին շատ հոգեհարազատ են Դեզդեմոնայի, Տատյանայի, Շտրաուսի երեք հերոսուհիների և ժամանակակից ամերիկյան մի քանի օպերաների հերոսուհիների դերերգերը: