Երեկ Լեհաստանի հավաքականից կրած խոշոր պարտությունից հետո էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի ներկայացրել։
Այսօր «Ազատության» հետ հեռախոսացրույցում նա բղավելով ասաց, որ հեռախոսով հարցերին չի պատասխանում։ Ֆեդերացիայի լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ երեկվա խաղը՝ ինչպես մյուս խաղերը, չեն մեկնաբանում, իսկ եթե ֆեդերացիայի նախագահը հրաժարական ներկայացնի, ապա իրենք կայքում կգրեն այդ մասին։
2015 թվականի նոյեմբերին 30-ին Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե հավաքականը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի՝ ինքը հրաժարական կտա։ Վաստակած միավորներով Հայաստանի հավաքականը չունի որևէ հնարավորություն անցնելու աշխարհի առաջնության խմբային փուլ:
Red Eagles ֆան ակումբի ղեկավար Դենիս Սարգսյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց կարծիքով հավաքականը ձախողել է մրցաշրջանը և հիշեցրեց Հայրապետյանի՝ երկու տարի առաջ տված խոստումը: - «Կոնկրետ ասաց՝ նմանատիպ բան չի եղել, որ ես այսքան ժամանակ խոսք տամ ու չկատարեմ, ինձ ստախոս ե՞ք համարում», - ՀՖՖ նախագահի խոսքերը մեջբերեց Սարգսյանը:
Ռուբեն Հայրապետյանը իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ Երեկ ֆուտբոլային հանդիպման ժամանակ կուսակցությունը գործադիր մարմնի նիստ էր անցկացնում։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայրապետյանը մեծ գործ է արել ֆուտբոլի համար։ - «Հայրապետյանը հնարավորինս անում է ամեն ինչ հայկական պատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար», - պնդեց ՀՀԿ խոսնակը:
«Ձախողված մրցաշրջան»
Երեկ «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան հանդիպումը ավարտվեց 1:6 հաշվով: Խաղի ավարտին Հայաստանի հավաքականի երկրպագուները մարզադաշտում «ձախողված մրցաշրջան» գրությամբ պաստառ էին պարզել և ծափահարում էին Լեհաստանի հավաքականին։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հանդիպումից հետո կայացած ասուլիսում խաղը մեկ բառով բնութագրեց՝ խայտառակություն։
«Ես ավելի լավ էր գետինը մտնեի, քան պատասխանեի այս հարցերին», - մեկնաբանեց մարզիչը:
Թե որն է այս իրավիճակից ելքը՝ մարզիչը ասաց, որ դժվար է այդ հարցին նման խոշոր պարտությունից հետո պատասխանել, խոսքեր չունի, ինչ էլ ասի բարի ցանկություն կլինի․ - «Ելքը այն է, որ լավ, ուժեղ առաջնություն ունենանք, ֆուտբոլիստներ ունենանք, որոնք եվրոպական ավելի բարձրակարգ ակումբներում կխաղան: Դա է ելքը, որը այս պահին անհնար է»:
Մխիթարյանը ինքն իրեն է մեղադրում
Խաղից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վատ տրամադրություն ունեն, իսկ պարտության ամենամեծ մեղավորը ինքն է։
«Ես թիմի ավագն եմ, ես եմ պատասխանատու այս թիմի համար ու այս պարտությունը վերցնում եմ իմ վրա», - նշեց ֆուտբոլիստը:
Մարզչի կարծիքով՝ սա իր ամենացավալի պարտությունն էր, թեև կազմը ամենաօպտիմալն էր ընտրել։ Արթուր Պետրոսյանը կարծում է, որ հավաքականին արտասահմանից «թարմ արյունով» ֆուտբոլիստներ են պետք, քանի որ այս կազմով հետագայում պայքարելը դժվար կլինի։
Արդեն երկու օրից՝ կիրակի օրը, Հայաստանի ընտրանին Աստանայում կմրցի Ղազախստանի հավաքականի հետ։ Պետրոսյանը ասաց, որ փորձելու են ամեն ինչ անել, որ գոնե մրցափուլի վերջին խաղը լավ խաղան և չխայտառակվեն։