Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական զորախմբի համաձայնագրից քաղաքագետը վտանգ է տեսնում


Հայ-ռուսական միացյալ զորախմբից Հայաստանը որևէ շահ չունի, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը, շեշտելով, որ այդ համաձայնագրի վավերացումից օգտվելու է միայն այսօրվա իշխանությունը՝ փորձելով երկարաձգել իր պաշտոնավարումը։

«Ես այստեղ տեսնում եմ մենակ իշխանության շահն այն առումով, որ Ռուսաստանի հետ չեն փչացնում հարաբերություններն, ուրեմն կարող են շարունակել հանգիստ իշխել», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք` երեկ խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, որին դեմ քվեարկեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները:

Նշենք, որ, ըստ համաձայնագրի, միացյալ խմբավորման նպատակն է «տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովել», մասնավորապես՝ «ժամանակին բացահայտել և հետ մղել տարածաշրջանի սահմաններում Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման նախապատրաստումը` երկու երկրների զինված ուժերի զորքերի խմբավորումների, զինվորական կազմավորումների և մարմինների հետ փոխգործակցությամբ»:

Թե ի՞նչ կառուցվածք և թվաքանակ կունենա այս զորախումբն, առայժմ պարզ չէ, համաձայնագրով այդ ամենը կարգավորված չէ:

Փոխարենը համաձայնագրում արձանագրվում է, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարին պաշտոնում նշանակում և ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ։

Ընդորում, եթե խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի զինված ուժերի շտաբի պետին, ապա ագրեսիայի, անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ այս հարցն անորոշ է, իրավիճակից կախված հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է կա՛մ Հայաստանի զինված ուժերի շտաբի պետին, կա՛մ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին, այս հարցը պետք է որոշեն Հայաստանի և Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարները:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ ի տարբերություն Հայաստանի, այս համաձայնագիրը միմիայն բխում է Մոսկվայի շահերից։ Այն էլ ավելի է ամրապնդում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, փոխարենը՝ Հայաստանը ոչինչ չի ստանում։

«Փաստորեն՝ Հայաստանում ունեին բազան, հիմա ավելի խորանում է, ինչ-որ չափով իրենք նաև ազդում են մեր բանակի մի մասի վրա, ի վերջո, չմոռանաք, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայացումն օրինական է միայն Հայաստանում», - ասաց քաղաքագետը։

Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է տարածաշրջանում, ինչու չէ, նաև Մերձավոր Արևելքում, որոշակի գործողություններ իրականացնելիս, գործել ոչ թե միայնակ, այլ՝ համատեղ զորախմբերով, տվյալ դեպքում` ի դեմս հայ-ռուսական խմբավորման:

Սակայն, քաղաքագետը մեկ այլ մտավախություն ունի, մասնավորապես, որ ռուսական կողմը որոշակի վերահսկողություն է ունենալու Հայաստանի զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանման նկատմամբ, և Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ ագրեսիայի դեպքում, թույլ չի տալու նրանց՝ մասնակից լինել ռազմական գործողություններին:

«Ակնհայտ էր, որ անցած տարվա ապրիլյան պատերազմը հրահրեց Ադրբեջանը, այնուամենայնիվ պարունակում էր ռուսական շահերը։ Միանշանակ ուզում էին, որ մենք ինչ-որ տարածք հանձնենք, որ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ-ի անդամ։ Դուք հիշում եք՝ հասարակությունը, մեր զինվորները, բանակը ոտքի կանգնեցին, թույլ չտվեցին։ Ռուսաստանը նման բաներ չի ներում, չի ներում, կյանքում իրենք մեզ չեն ների։ Հիմա այդ զորախումբը, որ ստեղծում են, իրենք շատ լավ հասկանում են՝ դրանով մի մասը մեր բանակի խաղից դուրս են բերում», - ասաց քաղաքագետը։

Հարցին, թե դա վճռորոշ ազդեցություն կունենա՞ մեր Զինված ուժերի վրա, եթե մի կորպուս առանձնացվում է, Ստեփանյանը պատասխանեց. - «Մեծ ազդեցություն կունենա. ասենք՝ պատերազմական գործողություն, ղեկավարությունն անցնում է Ռուսաստանի կողմ, պարզ է, որ այդ մի կորպուսը խաղից հանում ես չէ՞՝ հրաման չես տալիս, կամ թույլ չես տալիս, որ շարժվեն։ Պատկերացրեք՝ իրենք չեն ուզենալու, որ այդ կորպուսը գնա, աջակցի Ղարաբաղին, օրինակ եմ ասում, հրաման կտան, որ այդ կորպուսը գնա դեպի Թուրքիայի սահման, այնտեղ դիսլոկացիա անի, ի՞նչ եք անելու»։

Ստեփան Գրիգորյանը չի հավատում, թե ագրեսիայի դեպքում ռուսական կողմն օգնելու է Հայաստանին այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել թե՛ Ադրբեջանին, և թե՛ Թուրքիային: Ինչպե՞ս է մի կողմից զենք վաճառելու, մյուս կողմից՝ մեզ պաշտպանելու, հարցնում է քաղաքագետը:

Մինչդեռ «Ազատության» հետ զրույցում գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հակադարձում է՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, Հայաստանի գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է, և բնական է, որ հենց նրա հետ էլ պետք է խորացնենք մեր հարաբերությունները: Հարցին, թե ինչպե՞ս կարող է մեր դաշնակիցը զինել Ադրբեջանին ու հետո մեզ պաշտպանել այդ երկրի ագրեսիայից, Կոմանդոսը պատասխանում է․ - «Ռուսաստանն ունի իր շահերը, իհարկե նորմալ չէ զենքի վաճառքը Ադրբեջանին, հատկապես որ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, թե հակամարտության մեջ գտնվող երկրներին չպետք է զենք վաճառել, բայց ի՞նչ կարող ենք ասել, մենք ինքներս պետք է զբաղվենք մեր խնդիրների լուծմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG