Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում են Բրյուսելում հավատարմագրված ԵՄ քսանութ երկրներից դեսպաններ և կոմիտեի ներկայացուցիչներ:

Այցի նպատակն է՝ քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները՝ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի լույսի ներքո, տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև անդրադառնալ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքական և անվտանգության խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և կարևորել նման ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները, որոնք, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:

ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Արևելյան գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին և ուրախ է, որ Հայաստանը նախաստորագրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ միանգամայն հնարավոր է ԵՄ-ի հետ կնքել համաձայնագիր և զարգացնել փոխգործակցություն՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: Նա շեշտել է, որ ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քաղաքականությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Վալտեր Սթիվենսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:

Կոմիտեի նախագահը նշել է նաև, որ ԵՄ-ն հետաքրքրված է և աջակցում է Հայաստանում բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումների շարունակականությանը, կարևորում է սահմանադրական բարեփոխումների արդյունքում առավել արդյունավետ կառավարման իրականացումը, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Վալտեր Սթիվենսը հանդիպման ժամանակ նաև երախտագիտություն է հայտնել սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստանում 20 հազարից ավելի սիրիացի փախստականների ապաստան տալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG