Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության վարչության որոշմամբ՝ գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում կալանավորվել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը: Նա մեղադրվում է «քաղաքական կամ ռազմական լրտեսության», «սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու» մեջ:
Դատախազությունը պնդում է, որ ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը կապ ունի նախկին դատախազ Զեքերիա Օզի հետ, որն էլ սերտ առնչություններ ունի գյուլենական կառույցի վտարանդի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, ոստիկանությունում նախնական հարցաքննությունից հետո Թոփուզն ուղարկվել է Ստամբուլի արդարադատության պալատ, որտեղ դատախազը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունը հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման առնչությամբ խորը մտահոգություն է հայտնել՝ ամբողջովին հերքելով Թոփուզին ներկայացված մեղադրանքներն ու «միանգամայն անտեղի» որակելով դրանք: ԱՄՆ դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ ասվում է, թե տպավորություն կա, որ թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկատվության արտահոսքը նպատակ ունի իրենց աշխատակցին հրապարակային դատի հանձնել՝ իրավական դատական գործընթաց նախաձեռնելու փոխարեն: «Մեր աշխատակիցների դեմ ուղղված անհիմն և անհեղինակ մեղադրանքները վտանգում և արժեզրկում են ԱՄՆ-ի և Թուրքիայի երկարամյա գործընկերությունը»,- մասնավորապես, նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Սա թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված միակ սկանդալային միջադեպը չէ: Օգոստոսին, հիշեցնենք, Վաշինգտոնի դատարանը մեղադրանք էր առաջադրել Թուրքիայի նախագահի՝ ավելի վաղ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակված՝ Էրդողանի 15 թիկնապահներին: Մեկ ամիս առաջ էլ ԱՄՆ-ի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին՝ միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով Իրանին գաղտնի օգնություն ցուցաբերելու համար։
Երկու երկրների հակասությունների գլխավոր պատճառը, սակայն, շարունակում է մնալ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ապաստանած իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին թուրքական իշխանությունները մեղադրում են անցած տարի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ՝ ամերիկյան իշխանություններից պահանջելով արտահանձնել նրան: