Մատչելիության հղումներ

«Հյուսիս-Հարավ»-ի մի հատվածի կառուցումը երկարաձգվեց ավելի քան երկու տարով


Դրվագ «Հյուսիս-Հարավ» մայրուղու Երևան-Արարատ հատվածից, արխիվ
Դրվագ «Հյուսիս-Հարավ» մայրուղու Երևան-Արարատ հատվածից, արխիվ

Ասիական զարգացման բանկի ծրագրերի մշտադիտարկման ֆորումի հայաստանյան համակարգող Սիլվա Ադամյանի կարծիքով, «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման «գումարներն ուղղակի մսխվել են»:

Շուրջ ութ տարի ներգրավված լինելով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման գործում՝ Հայաստանի կառավարությունն այսօր ավելի քան երկու տարով երկարաձգեց ճանապարհի մի հատվածի շինարարության վերջնաժամկետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր գործադիրը որոշեց 27 ամսով երկարաձգել Ասիական զարգացման բանկի հետ դեռևս 2011 թ․ մայիսին կնքված «Ծրագիր 2 վարկային համաձայնագրի», 21 ամսով էլ՝ 2014 թ․ մարտին նույն բանկի հետ ստորագրված «Ծրագիր 3 վարկային համաձայնագրի» փակման ժամկետները: Նախատեսված էր, որ «Ծրագիր 2»-ը պետք է ավարտվեր այս տարվա հունիսի 30-ին, իսկ «Ծրագիր 3»-ը դեկտեմբերի 31-ին: Այժմ, երկու ծրագրերի համար էլ նոր վերջնաժամկետ է սահմանվում՝ 2019 թ․ սեպտեմբերի 14-ը:

Թե ինչու՞ է «Հյուսիս-Հարավ»-ի կառուցումն այդքան դանդաղել, ի՞նչն է կառավարությանը ստիպել՝ գնալ վարկային համաձայանգրերի ժամկետների երկարաձգմանը, հրապարակված փաստաթղթերում այդ մասին ոչինչ ասված չէ: Գործադիրի այսօրվա նիստում հարցը ներկայացնող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նույնպես ոչինչ չասաց պատճառների մասին:

Այն, որ իշխանությունները դժգոհ են իրենց իսկ ձեռնարկած այս մեգանախագծի ընթացքից, այդ մասին հրապարակավ արտահայտվել են նախկին ու ներկա վարչապետերը: Անցած տարվա հուլիսին հենց կառավարության նիստում Հովիկ Աբրահայմանը դժգոհեց կառուցվող մայրուղու որակից, իսկ այս տարվա մարտին ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ աշխատող չկա: «9 անց կես մոստերի վրա աշխատող չկա, 5 անց կես սաղ պերեկուռ են անում: Մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամեկտի մեջ ա, եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում:

Նախևառաջ՝ էդ կամուրջների վրա բազմաթիվ աշխատանքներ կան ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս անել, գալ տեղադրելու խնդիր լուծել: Քանի անգամ ա գնում եմ հատուկ նայում եմ՝ 9 անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց էդ պայմանագիրը նենց արեք, որ մենք կարողանանք հետևել»,- ասել էր վարչապետը:

Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկային պայմանագիր կնքեց դեռ 2009 թվականի սեպտեմբերին: Նախատեսվում էր ողջ ճանապարհի կառուցումն ավարտել 2016 թվականին: Սակայն մայրուղու շինարարական աշխատանքները սկսվեցին բանկի հետ պայմանագրի կնքումից միայն երեք տարի անց: Տևական ժամանակ չօգտագործված վարկի համար Հայաստանի պետբյուջեից Ասիական զարգացման բանկին փոխանցվեց «պարտավորության վճար»: Այն, որ նման վճար արվել է, հաստատել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան նախկին ներկայացուցիչ Դևիդ Դոլը 2012 թ․ ապրիլին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Փորձագիտական գնահատականների համաձայն, այդ վճարը կազմել է մոտ 300 հազար դոլար:

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ եթե մայրուղու շինարարության մեկնարկին՝ 2012 թ․ սեպտեմբերին կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ 556 կիլոմետրանոց ողջ ճանապարհը հարկատուներին կարժենա 962 միլիոն դոլար, ապա մոտ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ հանդիպմանը նախարար Վահան Մարտիրոսյանը երկու անգամ ավելի մեծ գումարի մասին խոսեց՝ 2 միլիարդ դոլար:

Ընդ որում, նախարարի խոստովանությամբ՝ այդ գումարի մեծ մասն այլևս պետությունը չի հայթայթելու: Հարավային՝ Արտաշատից մինչև Մեղրի ավելի քան 300 կիլոմետրանոց հատվածը կառուցելու համար մասնավորը պետք է ներդնի շուրջ 1,5 միլիարդ դոլար, փոխարենը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածը վճարովի է լինելու: «Որոշումն ընդունված է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, մեկուկես միլիարդ եթե հնարավոր է ներգրավել մասնավորից և ներգրավել վարկային միջոց․ ո՞րն է ավելի ձեռնտու պետությանը»,- ասել էր Մարտիրոսյանը:

Կառավարության ներկայացուցիչն, իհարկե, հերթական անգամ հրաժարվեց նշել, թե ի վերջո երբ կավարտվի մայրուղու կառուցումը: Մինչդեռ, Ասիական զարգացման բանկի ծրագրերի մշտադիտարկման ֆորումի հայաստանյան համակարգող Սիլվա Ադամյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունը պարզապես չի կարողանա ավարտին հասցնել մայրուղու կառուցումը: «Մենք այդ ճանապարհը լիովին չենք ունենա, կարող է ինչ-որ մասեր ունենանք, բայց շատ ուշ: Եթե մինչև 2025 թիվը մի բան ունենանք, շատ լավ կլինի»,- ասում է Սիլվա Ադամյանը:

Նրա համոզմամբ, Հայաստանի կառավարության անարդյունավետ աշխատանքն է պատճառը, որ «Հյուսիս-Հարավ»-ը իրականություն չի դառնա․ «Բանկն էլ իր թերություններն ունի, որովհետև հետամուտ չի եղել էն գումարներին ու խնդիրներին, որ ծառացել են: Փաստորեն, երբ մենք խնդիրը բարձրացնում էինք, բանկն ասում էր՝ այո, այո, մենք դա կանենք, կխոսենք կառավարության հետ, բայց պարզվեց, որ ոչ մի բան էլ չի արվել: Գումարներն ուղղակի մսխվել են ու վերջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG