Մատչելիության հղումներ

Հարցում․ Հայաստանցիների շուրջ 59 տոկոսը իր ապագան կապում է Եվրամիության հետ


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Երևանում և Հայաստանի մի քանի այլ քաղաքներում անցկացված սոցոլոգիական ուսումնասիրության համաձայն, հարցվածների գրեթե 59 տոկոսը իր ապագան կապում է ոչ թե Եվրասիական տնտեսական միության, այլ Եվրամիության հետ:

«Կապո՞ւմ եք Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ» հարցին բացասական պատասխան է տվել հարցվածների 38 տոկոսը: «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստան - ԵՄ ակտիվ հարաբերություններին» հարցին դրական պատասխան է տվել հարցվածների գրեթե 89 տոկոսը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում անցկացրած հարցմամբ ընդգրկել է 900 հայաստանցու Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլ քաղաքներում՝ նրանց ուղղելով մի շարք հարցեր Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական Միության, ՀԱՊԿ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ հարցումն անցկացրել են անանուն՝ առանձին-առանձին, որպեսզի հարցվողները չկաշկանդվեն իրենց պատասխաններում։ Գրիգորյանն ընդգծում է, որ հարցումն իրականացրել են պրոֆեսիոնալ սոցիոլոգներ։

Հարցված քաղաքացիների 40 տոկոսը համարում է, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանին խոչընդոտում են Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները։ Հարցվածների գերակշիռ մասը՝ 78.67 տոկոսը բացասական է գնահատում Հայաստանի իշխանությունների՝ 2013-ի սեպտեմբերին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը:

Հարցվածների 30.5 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: Այս հարցին դրական է պատասխանել հարցվածների 25.67 տոկոսը, իսկ 43.67 տոկոսը նշել է, որ Հայաստանին ռազմավարական դաշնակիցը մասամբ է անվտանգություն ապահովում։

Ստեփան Գրիգորյանը սպասելի է համարում այս արդյունքները․ - «Ռուսաստանը [ապրիլյան] պատերազմի ժամանակ չկատարեց իր ֆունկցիան, իր պարտականությունները: Մենք ունենք ստեղ ռուսական ռազմաբազա, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց Ռուսաստանը հիշո՞ւմ եք մեզ ինչ էր ասում առաջին դեմքերով՝ որ [սպառազինություն] ծախում ենք Ադրբեջանին, դա բիզնես պրոեկտ է»:

«Արդյո՞ք համարում եք Ռուսաստանին Հայաստանի դաշնակից»․ այս հարցին դրական և բացասական պատասխան տված քաղաքացիները թիվը գրեթե հավասար է՝ բացասական է պատասխանել հարցվածների 30.6 տոկոսը, դրական՝ 34.3 տոկոսը։ Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում այս հարցադրման վրա և նշում, որ հատկապես ապրիլյան պատերազմը փոխեց հանրության տրամադրությունը․ - «Երբ որ իրենց ասում էինք՝ լավ, դուք պարտավոր եք միայն պատասխանել, մենք չենք ուզում մեկնաբանություն: Չէ, մարդիկ չէին կանգնում: Ասում էին՝ մեր 100-120 զոհը իրանց [Ռուսաստանի] պատճառով է, հենց իրանց «Գրադից» մեր էրեխեքին սպանում էին»:

Ուշագրավ է, որ հարցվածների կեսից ավելին՝ 56 տոկոսը բացասական է գնահատում Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանում հարցվածների 62 տոկոսը ասել է, որ դրական է վերաբերվում ապագայում Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ավելին՝ 35 տոկոսը կարծում է, որ սերտ համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հարցածների 41 տոկոսն էլ կարծում է, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը։

Հարցումն անցկացրած կազմակերպության ղեկավարը նշում է, որ հասարակությունն այդքան էլ միամիտ չէ՝ չհասկանալու, թե Ադրբեջանն ում զենքով է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ կրակել հայկական կողմի վրա․ - «Մեր հասարակությունը այդքան միամիտ չի: Մեր հասարակությունը բազմազան է: Ի վերջո, այնուամենայնիվ, Ռուսաստանը ունի 35 տոկոս աջակցություն ստեղ: Բայց նայեք՝ մարդիկ, ովքեր կասկածում են Ռուսաստանի անկեղծությանը»:

Դիտարկմանը, որ Հայաստանի բնակչության մի մասը գումար է վաստակում Ռուսաստանում արտագնա աշխատանքի շնորհիվ, և մարդկանց հետ շփումները հակառակն են ցույց տալիս, Ստեփան Գրիգորյանը արձագանում է, թե իշխանություններն անգամ նման հարցում անցկացնելու դեպքում նույն պատկերը կստանան։

Նրա կարծիքով, Ռուստաստանում ևս զգում են այս քննադատական վերաբերմունքը։

Ուշագրավ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ի աջակցության վերաբերյալ հարցը։ Հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ ՀԱՊԿ-ը չի աջակացի Հայաստանին։

Գրեթե նույն պատկերն է ստացվել Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության հարցի հետ կապված։ Հարցվածների կեսից ավելին բացասական է գնահատում այս միության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Ավելին՝ 38.4 տոկոսը մասամբ դրանով է պայմանավորել վերջին երկու տարիներին Հայաստանում տնտեսության վատ վիճակը: 37.7 տոկոսը, սակայն, չի կիսում այս կարծիքը:

Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է ընդամենը 4 տարի առաջ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու նախաշեմին հանրության տրամադրությունների մասին։ Ասում է, որ 2013-ին հասարակությունում սպասելիքներ կային։ Այն ժամանակ, ըստ նրա, հարցման պատկերն այլ կլիներ:

Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանի հասցեին քննադատական վերաբերմունքն արտացոլող կարծիքներ գրացվել են հատկապես Գյումրիում: Նա դա կապում է մի քանի տարի առաջ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG