Մատչելիության հղումներ

Նորամարգցիների միակ առավելությունը «ամեն առավոտ Արարատը տեսնելն է»


Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչներն ամեն օր հարևան աղբավայրից եկող ծուխն են շնչում։ Ասում են, որ հատկապես երեկոյան ժամերին գյուղի որոշ հատվածներում անհնար է լինում անգամ պատուհան բացել։

«Թոռնիկ ա ծնվել ինձի, ասել եմ թող մի տասը օր մնա հիվանդանոցում, որ մի հինգ ավել մաքուր օդ շնչի, նոր բերեմ տուն», - ասաց գյուղի մի բնակիչ:

Նորամարգցիների խոսքով, աղբավայրի ծուխը հատկապես վնասում է երեխաներին։ Հաճախ նրանց մոտ թունավորումներ են լինում։ Բժիշկները դա նաև աղտոտված օդով են պայմանավորում։

Երևանի աղբի մի մասը տարիներ շարունակ հավաքվում է գյուղի հարևանությամբ գտնվող աղբավայրում։ Բնակիչները մի քանի անգամ իրենց բողոքը ներկայացրել են պատկան մարմիններին, սակայն ոչ ոք մինչև այսօր դեռ հարցին լուծում չի տվել։

Նորամարգցիները չեն հիշում նաև, թե վերջին անգամ երբ են գյուղի ճանապարհն ասֆալտապատ տեսել։ Հիմնականում փախստականներով բնակեցված գյուղում, ըստ բնակիչների, 1990 թվականի ճանապարհներն են․ - «Ընտրությունների ժամանակ բերին հող լցրին»:

Մայրաքաղաքից ընդամենը 25 կմ հեռավորության վրա գտնվող Նորամարգում բնակիչներն անգամ գազ չունեն։ Խմելու ջուրն էլ խորքային հորերից են ստանում։

Համեմատելով իրենց հարևան Ռանչպար գյուղի հետ՝ նորամարգցիները հերթով մատնանշում են նրանց թե՛ լավ ճանապարհը, թե՛ գազիֆիկացումը։

Իսկ թե ինչու կողք-կողքի գտնվող երկու գյուղերից մեկն ավելի արագ է զարգանում, պատասխանում են. - «88 թվից ստեղ մեր գյուղում մի հատ գյուղապետի ժողով չի եղել»:

Հարցին, թե որևէ առավելություն, որևէ լավ բան ունեն, մի նորամարգցի պատասխանեց․ - «Որ առավոտները դուրս ենք գալիս, Արարատը աչքներիս դեմն ա: Ուրիշ առավելություն չունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG