Ամփոփելով այս տարվա առաջին 9 ամիսների գործունեությունը՝ այսօր հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց, որ կոմիտեն հաջողություններ է արձանագրել օրինական դաշտից դուրս՝ ստվերում գործող բիզնեսի դեմ պայքարում՝ աստիճանաբար կրճատելով դրա թիվը․ - «Մենք ամեն օր պայքարում ենք դրա դեմ: Եվ դրա արդյունքները ակնհայտ են թե՛ այսօրվա բյուջեում հավաքագրման ցուցանիշների առումով, թե՛ մյուս տարվա․․․ մյուս տարվա բյուջեն կհայտարարվի, կտեսնեք, որ շատ մեծ էլի նշաձող է դրված լինելու ՊԵԿ-ի առաջ, որը, ես հուսով եմ, որ մեր կոլեկտիվը, ոնց որ էս տարի, մյուս տարի էլ կհաղթահարի: Առաջնային խնդիրը, որև որ ես դրել եմ ՊԵԿ-ի յուրաքանչյուր աշխատողի առաջ, դա մաքսիմալ թափանցիկ աշխատաոճն ա և ստվերի դեմ իրական պայքարը, ոչ թե բառերով: Թող փակվեն, եթե չեն կարողանում ներկա պայմաններում աշխատել»:
Հարկային մարմնի ղեկավարի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ գնահատվել է ամսական ստվերային 2.8 միլիարդ դրամի ռիսկ: Իսկ ՊԵԿ-ի հետախուզության վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել է բյուջե վճարման ենթակա 2.2 միլիարդ դրամ գումար:
Հարությունյանն այդուհանդերձ, այդպես էլ չնշեց խոշոր ընկերությունների կամ գործարարների անուններ, որոնք ստվերից բերվել են օրինական դաշտ․ - «Եթե դուք ուզում եք ինձնից լսել որևէ գործարարի, որևէ խոշոր ձեռնարկությունում կատարված աշխատանքի մասին տեղեկատվություն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեք լսելու: Որովհետև ես իմ գործն եմ անում, մեր համակարգը իր գործն ա անում և էժան PR-ով չի զբաղվում»:
ՊԵԿ նախագահն այսօր հաստատեց մամուլում շրջանառվող լուրերը, որ հարկային ստուգումներ են իրականացվել պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապվող «Մուլտի գրուպ» կոնցեռնում, ինչպես նաև Հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ կապվող «Քեթրին գրուպ»-ում:
Ըստ Հարությունյանի, նշված ընկերություններն այս տարի ռիսկայինների ցանկում են եղել․ - «Ընդհանրապես բոլոր ընկերությունների ստուգման գործընթացը կանոնակարգվում է տարեկան հաստատված ծրագրով, որի վրա որևէ գործուն միջամտություն մենք չենք ունենում: Դա համակարգը, համակարգիչը ընտրում է էն ռիսկային ընկերություններին, որոնք պետք ա տվյալ տարում ստուգվեն: Որևէ արտառոց բան էստեղ ես չեմ տեսնում»:
ՊԵԿ նախագահի պնդմամբ, վերջին 9 ամիսներին հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել՝ ապահովելով այս տարվա բյուջեով նախատեսված ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ըստ Հարությունյանի, բյուջեի եկամուտները աճել են ավելի քան 74 միլիարդ դրամ կամ շուրջ 10 տոկոսով:
Ուշագրավ է, որ չնայած, ըստ ՊԵԿ նախագահի, կրճատվել է տնտեսվարողների թիվը, այդուհանդերձ ակտիվ հարկ վճարողներն ավելացել են․ - «Փակված ընկերությունների, փակված անհատ ձեռնարկատերերի քանակով միգուցե բացասական դիսբալանս ունենանք: Բայց ակտիվ հարկատուները, որոնք որ հարկ վճարող են, դրանց քանակը չի նվազել երկրում, ընդհակառակը՝ ավելացել ա: Թվերով մենք ձեզ կներկայացնենք, հստակ թվերով, որոնք որ վերաբերվում են ակտիվ հարկ վճարողներին: Որովհետև ունենք մենք ձեռնարկություններ, որոնք բացված են, բայց երբևիցե գործունեություն չեն ծավալել և երբևիցե հարկատու չեն եղել, ուղղակի գրանցված ձեռնարկություն ա դա»:
Հարկային, ինչպես նաև մաքսային մարմինները ներառող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով, իրենք նաև հեշտացրել են մաքսային վարչարարությունը, ինչը վերջին 9 ամիսների ընթացքում նպաստել է արտահանման շուրջ 22, իսկ ներմուծման 30 տոկոսանոց աճի: Գրեթե կրկնապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը: