Մատչելիության հղումներ

Փաստաբանները տրամաբանություն չեն տեսնում «Սասնա ծռերի» գործը տրոհելու մեջ


Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործն այսուհետ կքննվի երեք առանձին վարույթներով։

Մոտ 4 ամիս միայնակ քննելով բոլոր 32 ամբաստանյալների գործը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր հայտարարեց որոշումը, որով իր վարույթում կմնա միայն 11-ի գործը և հավելեց, որ ամբաստանյալներից «յուրաքանչյուրի ընտրված խափանման միջոց կալանավորումները թողնել անփոփոխ»:

Նախորդ շաբաթ Արտուշ Գաբրիելյանը կիսել էր նաև իր վարույթում գտնվող 18 ամբաստանյալների գործը։ Նրանցից 11-ի մասով դատաքննությունը կշարունակի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Առայժմ հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվելու մյուս տասը անդամների գործը, որոնց թվում «Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամներն են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, «Միայնակ Գայլ» մականունով Արայիկ Խանդոյան, Գագիկ Եղիազարյան և այլք։

Արտուշ Գաբրիելյանն այսօր չնշեց երրորդ դատավորի անունը:

Այդքանով դատական նիստն ավարտվեց:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին դատարանում պաշտպանող փաստաբանները դատավորի այսօրվա որոշումն անհեթեթ որակեցին։

«Չեմ կարողանում պատկերացնել դատական իշխանության տրամաբանությունը», - ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: - «Ոչ մի ողջամտություն չեմ տեսնում դրա մեջ»:

Նրա գործընկեր Երվանդ Վարոսյանը հավելեց․ - «Նպատակը, կարծում եմ, հետևյալն է․ գործերը նախ տարանջատել և հանձնել այլ դատավորների: Սկզբունք չկա առհասարակ, ես չգիտեմ ոնց են մտածել: Ենթադրում եմ, որ մտածել են, թե Արտուշ Գաբրիելյանը ավելի հեշտ որ մասը յոլա կտանի»:

«Ինչպես նախկինում են ասել, այլ պլան էր նախատեսված, բայց իրենց նախատեսած պլանով չկարողացան անցկացնել այս դատավարությունները: Ես ենթադրում եմ, որ հատկապես փաստաբանների նման դիմադրություն չէին սպասում: Ես ենթադրում եմ, որ, հասկանալով, որ այլևս անկառավարելի վիճակ է, և ակնհայտորեն դատավորը չէր տիրապետում իրավիճակին, հետևաբար փորձում են էսպես կիսել», - իր հերթին նշեց փաստաբան Նինա Կարապետյանցը:

Փաստաբանները, որոնք բողոքելով բազմաթիվ սանցիաներից ու կարգադրիչների գործելաոճից՝ նախորդ նիստերին գործադուլի կամ բողոքի այլ ակցիաների միջոցով դատարանից արդարադատություն էին պահանջում, համոզված են, որ նույն գործը երեք առանձին վարույթների բաժանելով քննությունը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ավարտ չի ունենա։

«Դրանից արդարադատությունը, իհարկե, տուժելու է, որովհետև գործերի կիսման էս արհեստական գործընթացը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Անհնար է նույն գործը՝ նույն ապացույցների շրջանակում, նույն տուժողներով, նույն վկաներով ու նույն ամբաստանյալներով, երեք տարբեր տեղեր քննել: Պատկերացրեք, մի վկան գալիս է առաջին դատարանում հարցաքննվելու, արդեն հարցերը տալիս են, նա տալիս է «իքս» պատասխաններ, հետո պիտի գնա երկու տեղ էլ հարցաքննվի՝ արդեն իմանալով, թե իրեն ինչ հարցեր են տալու», - ասաց Երվանդ Վարոսյանը:

Նինա Կարապետյանց․ - «Ակնհայտորեն անարդյունավետ է: Ինչպես որ Արտուշ Գաբրիելյանը ասում էր՝ մի գործը հարյուր հիսուն անգամ կանենք, իսկապես նույն գործը հարյուր հիսուն անգամ անելու ենք․․․ Ես կարծում եմ, որ փորձելու են գործերից մեկով ստանալ իրենց համար, իշխանությունների համար հարմար դատավճիռ, և արդեն այդ դատավճիռը կփորձեն մյուս գործերում օգտագործել՝ արդեն որպես ապացույց»:

Արայիկ Պապիկյան․ - «Կարող եմ ենթադրել, որ տրոհման նպատակներից մեկը նա է, որ մեր ուժերը ջլատեն: Բայց սա, կարծում եմ, ողջամիտ չէ: Այդպիսի կարծիք ունենալը մանկամտություն է»:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով մեղադրվում են «Սասնա ծռեր» զինված խմբի 32 անդամներ: Նրանց հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք շրջանառելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG