Մատչելիության հղումներ

Թիլերսոնը աջակցում է Ղարաբաղի լիակատար ականազերծմանը, Ռոյսի և Ինգըլի առաջարկներին


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրապարակային հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ականազերծումը «հնարավորինս արագ ու հիմնավորապես» ավարտելուն ԱՄՆ-ի աջակցության վերաբերյալ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Թիլերսոնը նաև վերահաստատել է Պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի (հանրապետական) և Էլիոթ Ինգըլի (դեմոկրատ) հեղինակած առաջարկներին, որոնք կոչ են անում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, այնտեղ մեծացնել դիտորդների թիվը, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր տեղադրել:

Թիլերսոնն այսպիսով արձագանքել է Բրեդ Շերմանի և Դեյվիդ Սիսըլինիի հարցերին, որ դեմոկրատ կոնգրեսականները պետքարտուղարին էին ուղղել հունիսին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրա գրավոր պատասխանները հասանելի են դարձել այս շաբաթ:

Վերահաստատելով, որ մարդասիրական ականազերծման աշխատանքները շարունակում են մնալ ԱՄՆ-ի առաջնահերթությունը՝ Ղարաբաղին աջակցության տրամադրման տեսանկյունից, պետքարտուղարը հաստատել է, որ ավելի քան 45 միլիոն դոլար է տրամադրվել ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին: Պետքարտուղարությունը աջակցում է շփման գծից ու հայ-ադրբեջանական սահմանից դիպուկահարների հետքաշման, ԵԱՀԿ-ի հետաքննող մեխանիզմների և դիտարկման մեխանիզմների ներդրման առաջարկությանը, ասված է Թիլերսոնի պատասխանում:

Պատասխանելով նույն կոնգրեսականների մյուս հարցերին՝ պետքարտուղարը նշել է, որ իրեն հայտնի չէ՝ արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել կամ ափսոսանք է հայտնել մայիսին Վաշինգտոնում իր անվտանգության աշխատակիցների հարձակման համար: Թիլերսոնը, սակայն, ընդունել է, որ Վաշինգտոնը դեռ պետք է պահանջի Անկարայից վերացնել Էրդողանի թիկնազորի անդամների դիվանագիտական անձեռնմխելիությունը:

Հիշեցնենք, գարնանը Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Օգոստոսին ծեծկռտուքի գործով Վաշինգտոնի դատարանը մեղադրանք առաջադրեց 19 մարդու, այդ թվում՝ Էրդողանի թիկնազորի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG