Մատչելիության հղումներ

10 պատգամավորներ ԱԺ նախագահից Երևանում բնակարան վարձակալելու գումար են խնդրել


Դիմողների թվում է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Խորհրդարանի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ դիմող յուրաքանչյուր պատգամավորին բնակարան վարձելու համար տրվում է ամսական 100 հազարական դրամ: «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի համաձայն, բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում է տրվում Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին:

Բնակարանի վարձի համար դիմողների շարքում է նաև Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը: Նա նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցությանից էր, իսկ երբ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:

«Ազատության» հետ զրույցում Պողոսյանն ասաց, թե աշխատավարձով ապրող մարդ է, հնարավորությունները չեն ներում, որ անձամբ վճարի երևանյան բնակարանի համար: Պողոսյանն Արտաշատ քաղաքից է, Երևան հասնելու համար նրանից մոտ 40 րոպե կարող է պահանջվել: Բայց նախընտրում է խորհրդարանից գումար ստանալ ու մայրաքաղաքում տուն վարձել․ - «Հաճախակի խցանումներ են լինում: Նամանավանդ, երբ հիմա նոր Ընտրական օրենսգրքով, նոր Կանոնադրությամբ նիստերը սկսվում են ժամը 10-ին, ես հաճախ փորձեցի գնալ-գալ, բայց ուշանում էի, չի ստացվում: Ուստի անպայման պետք է նաև մնալ Երևանում»:

Նա ասաց, որ մայրաքաղաքում իր վարձած բնակարանը հարմարավետ է, վճարում է «այնքան, որքան Ազգային ժողովը հատկացնում է՝ 100 հազար դրամ»:

Հարցին, թե արդյոք չունի անձնական միջոցներ այդ գումարը վճարելու համար, պատգամավորն արձագանքեց․ - «Իհարկե չունեմ: Բիզնես, ոչ մի եկամուտի ուրիշ աղբյուր չունեմ, ուստի իմ իրավունքն է, օգտվում են այդ իրավունքից: Աշխատավարձով ապրող մարդիկ ինչպե՞ս կարող են ունենալ այդ հնարավորությունը»:

Կարինե Պողոսյանը այս տարի միայն աշխատավարձ է հայտարարագրել՝ մոտ 2 միլիոն 200 հազար դրամ: Նրա ամուսինը՝ Ռոբերտ Գասպարյանը անցած տարվա հայտարարագրում, 780 հազար դրամ աշխատավարձից բացի, նշել է, որ ընդամենը 500 հազար դրամով ձեռք է բերել VOLKSWAGEN TOUAREG մակնիշի մեքենա:

«Ինքը շքեղ մեքենա չի, շատ սովորական, և ոչ նոր վիճակում, ոչ թարմ, էդ կարգի մեքենա է եղել: Մենք ինչ հայտարարագրել ենք, լրիվ օրենքի շրջանակներում ենք հայտարարագրել», ֊ պնդեց Կարինե Պողոսյանը:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն ընտրվելուց հետո հայտարարագրել է մեկ հողամաս, TOYOTA LAND CRUISER մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները 15 միլիոն դրամ են կազմել, աշխատավարձը՝ 650 հազար: Կարապետյանը ևս դիմել է Երևանում տան վարձակալության գումար ստանալու:

Արմավիրից Դաշնակցության տարածքային ընտրական ցուցակով ընտրված Կարապետյանը հայտնի դարձավ նոր գումարման խորհրդարանի առաջին իսկ նիստերից, երբ կոռուպցիոն դեպքերի մասին հայտնելը «գործ տալ» համարեց: Նրա կարծիքով, ազդադարի ինստիտուտը հայերին «հարիր չէ»:

«Ազատության» հարցին, թե ինչու է դիմել փոխհատուցում ստանալու համար, դաշնակցական պատգամավորը արձագանքեց․ - «Էդ հարցով դիմեք իմ օգնականին»:

Օգնականը, սակայն, չցանկացավ մեզ հետ շփվել:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս դիմել էր փոխհատուցում ստանալու համար: Բայց խորհրդարանից տեղեկացրին, որ նա այլևս բնակարանային վարձի հատուցում չի պահանջում:

Ղուկասյանն այսօր հավաստիացնում էր, որ Երևանում տուն չունի: Հարցին, թե տուն վարձելու միջոցնե՞ր էլ չունի, արձագանքեց․ - «Ուզում ես իմանալ ես հարուստ եմ, թե՞ ոնց․․․ Հիմա էդ հարյուր հազար դրամը ի/նչ կարևոր է: Մինչև ձեր աղմուկ բարձրացնելը ես դիմում եմ տվել, որ ինձ պետք չի էդ գումարը․․․ Դա իմ անձնական խնդիրն է, ես չեմ ուզում»:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների փոխհատուցում ստանալու դիմումները զայրացրել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
«Այդ պատգամավորները դոլարային միլիոնատեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել», - գրել էր «Ժամանակ» օրաթերթը՝ հավելելով․ - «Առաջիկայում նրանք հետ կվերցնեն իրենց դիմումները և կհայտարարեն, որ այդ գումարի կարիքը չունեն»:

Վարդան Ղուկասյանը, մինչդեռ, պնդում է՝ հարցը դաշինքում չի քննարկվել․ - «Էդպես փոքր հարցեր չի քննարկվում «Ծառուկյան» դաշինքում․․․ Մենք ավելի լուրջ հարցեր ենք քննարկում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG