Ո՞վ և ինչո՞ւ չեղարկեց սեպտեմբերի 29-ին «Զվարթնոց» տաճարում նախատեսված «Մաշտոց Կոմիտաս» համերգը, երգիչ-երգահան Վահան Արծրունին մինչ օրս այս հարցերի պատասխանը չունի։
«Այս պատմությունն արդեն տևում է մեկ շաբաթ, բայց ես մինչ օրս չգիտեմ այդ երկու հարցերի պատասխանը։ Ես միայն գիտեմ, որ ունեի հստակ պայմանավորվածություն կազմակերպչի հետ, գիտեմ, որ սկսել եմ երաժշտական փորձերը, կազմակերպիչը՝ «Շարմ» հոլդինգը, սկսել է ամբողջ գովազդային արշավը, սկսել է տոմսերի վաճառք, և մենք բոլորս պատրաստվում էինք մտնել բուն համերգային գործընթացի մեջ։ Համերգից երեք օր շուտ ինձ եղավ զանգ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ի կողմից, ես չշարունակեցի խոսակցությունը, պարզապես ուղղորդեցի դեպի կազմակերպիչը, որովհետև հարցերի բնույթն իմ տիրույթից դուրս էր, ես այս պրոյեկտում զբաղվում եմ բացառապես ստեղծագործական խնդիրներով», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Վահան Արծրունին՝ շարունակելով. - «Հաջորդ օրը ես զանգ եմ ստանում կազմակերպչից ու տեղեկանում, որ համերգը չի կայանալու»։
Երգիչը նշում է, որ ըստ կազմակերպչի, համերգը չեղարկելու պատճառները երկուսն են՝ տոմսերը բավարար քանակի չեն վաճառվում և այդ օրը սպասվող վատ եղանակը։ «Այդ օրն ընդամենը չորրորդ օրն էր վաճառքի և արդեն դահլիճի կեսը վաճառված էր։ Այսինքն՝ վարկածը չվաճառված տոմսերի դուրս է գալիս, մնում է եղանակի վարկածը, եղանակի վարկածն էլ էլի ժխտվեց՝ լավ եղանակով», - ասաց Արծրունին՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է իրենց մյուս պնդումներին [Մշակույթի նախարարության], որ չի եղել պայմանագիր... Ձեզ չի՞ զարմացնում, որ «Շարմը» ընդհանրապես շրջանցում է այդ թեզը։ Մշակույթի նախարարն ասում է՝ «պայմանագիր գոյություն չի ունեցել», կազմակերպիչն ասում է՝ «անձրև է գալիս»։ Սա այն հարցերի շրջանակն է, որը դուրս է իմ կոմպետենցիայից»։
Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ «առնվազն կոռեկտ չի համարում կազմակերպչական ինչ-ինչ հարցերի պատճառով համերգի չկայանալը ՊՈԱԿ-ի կամ Մշակույթի նախարարության վրա բարդելը։ «Մենք բաց ենք ցանկացած արվեստագետի, այդ թվում՝ Վահան Արծրունու հետ համագործակցության համար։ Երբ որ հարմար գտնեն, թող գան և համերգը կազմակերպեն», - ասել էր տնօրենը։
Արծրունին այսօր հայտարարեց՝ մեղավորները պետք է պատժվեն։ «Ես այս հարցն այս վիճակում չեմ թողնի։ Ես պահանջում եմ այս խնդրի լուծում, և բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս վիճակի մեջ, պետք է պատժվեն», - ասաց երգահանը։
Վահան Արծրունու հետ «Ֆեսբուքյան ասուլիսը» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ