Կատալոնիայի կառավարությունը երեկ հայտնել է, որ հաշվի առնելով կիրակի օրվա անկախության հանրաքվեի արդյունքը, առաջիկա 48 ժամում անկախություն կհռչակի:
Կիրակնօրյա հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 5 միլիոն 340 հազար կատալոնացիների մոտ 40 տոկոսը, և քանի որ չկա վավերականության համար անհրաժեշտ նվազագույն մասնակցության շեմ, տեղական իշխանությունը հանրաքվեն կայացած է համարում:
Մասնակիցների գերիշխող մեծամասնությունը հավանություն է տվել անկախությանը: Այդ թիվը երեկ հրապարակել է Կատալոնիայի տեղական վարչակազմի խոսնակ Ժորդի Տրուլը:
«Քվեների հաշվարկը վկայում է, որ ընտրողների 90 տոկոսը՝ 2 միլիոն 20 հազար 144 քաղաքացի քվեարկել է անկախության օգտին»,- ասել է խոսնակը:
Ինչպե՞ս անկախության հռչակագրին կարձագանքի պաշտոնական Մադրիդը:
Վերլուծաբանների համոզմամբ, հանրաքվեի նախաձեռնությունը, անցկացումը և արդյունքը մերժող կենտրոնական իշխանությունը, բնականաբար, չի ճանաչի Կատալոնիայի անկախության հռչակագիրը:
Վարչապետ Մարիանո Ռախոյը կարող է դիմել Սահմանադրության 155-րդ հոդվածին՝ չեղարկել Կատալոնիայի ինքնավարությունը և, ըստ էության, կենտրոնական կառավարում մտցնել:
Հոդվածը, որն Իսպանիայում երբեք չի կիրառվել, սահմանում է, որ «ինքնավարություն ունեցող որևէ երկրամաս կարող է զրկվել այդ կարգավիճակից, եթե չի կատարում սահմանադրությամբ կամ այլ օրենքներով ստանձնած պարտավորությունները և իր գործողություններով էական վնաս է հասցնում Իսպանիայի ընդհանուր շահերին»:
Երեկ վարչապետ Ռախոյը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել երկկխոսությունը Կատալոնիայի հետ: Երկրամասի ղեկավար Պույդեմոնն, իր հերթին, միջազգային համայնքի օգնությունն է խնդրել:
Նրա փոխանցմամբ, «Եվրոպան կատալոնական զարգացումները և իսպանական ոստիկանության բիրտ գործելակերպն անտեսելու իրավունք չունի»:
Մինչդեռ, այսօր Կատալոնիայում մտադիր են գործադուլ հայտարարել: Տրանսպորտը, հիմնարկները, մի շարք ծառայություններ չեն աշխատի:
Կատալոնացիներին համերաշխություն են հայտնել նաև մոլորակի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Բարսելոնայի» կատալոնացի մարզիկները: Խնդրի հանգուցալուծումը դեռևս չի ուրվագծվում: