Այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում, հնչել են կրակոցներ: Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, այսօր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով այդ հիվանդանոց են տեղափոխել կալանավայրում պատիժը կրող մի դատապարտյալի։ Հետազոտման ժամանակ, ըստ իրավապահների, հիվանդասենյակ է մուտք գործել զինված մի անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։
Զինված անձը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, սակայն այդ ընթացքում դատապարտյալը հափշտակել է իրավապահներից մեկին ամրակցված ատրճանակը և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ «Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը կանխվել է», - հայտնում է Քննչական կոմիտեն: Հաղորդվում է, որ վիրավորներ չկան:
Արդարադատության նախարարության քրեակատորողական վարչությունն էլ մանրամասնում է, որ հիվանդանոց ներխուժած քաղաքացին զինված է եղել ինքնաձիգով, միջադեպը տեղի է ունեցել ժամը 16:20-ի սահմաններում: «Արմենիա» բժշկական կենտրոն «Ազատության» այցելության պահին այնտեղ մեծ թվով իրավապահներ էին աշխատում: Անոթային բաժանմունքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փակ էր: Ներսում աշխատում էին քննիչները: Բժիշկները հրաժարվում էին մանրամասներ պատմել՝ հորդորելով դիմել ոստիկանությանը:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև զենք հափշտակելու կամ շորթելու հատկանիշներով, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: