Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չընդունեց 2013-2014-ին համակարգի դեմ պայքարի դուրս եկած այն քաղաքացիների կարծիքը, թե պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է:
Նախարարը հավելեց, որ համակարգի ներդրման հետ կապված հարցերը Սահմանադրական դատարանում քննարկվել ու խնդիրները հաշվի են առնվել: Ասաց նաև, որ քաղաքացիներին ժամանակ տրվեց՝ հասկանալու, թե որքանով է համակարգը լուծելու իրենց կենսաթոշակի հարցը․ - «Եթե 2014 թվականի հուլիսի 1-ից սկսած վճարումներ կատարած անձանց համար էսօր նայում ենք երեք տարվա արդյունքները, էդ գումարները ավելացել են 32 տոկոսով: Նաև օրենքով երաշխավորված է դրանց հետվերադարձելիությունը՝ հաշվի առնելով նաև գնաճը: Ես կարծում եմ, որ սրանք հենց էն բոլոր երաշխիքներն են, որոնց մասին դուք հարցնում եք: Մենք ունենք էսօր մի իրավիճակ, որ և՛ աշխատողները իրենց համար մասհանումներ կատարելու, և՛ կատարելով եկամտային հարկը, հնարավորություն են ստեղծում և՛ էսօրվա կենսաթոշակառուների կենսաթոշակի խնդիրը լուծել, և՛ վաղը իրենց կենսաթոշակն ապահովել՝ իրենց վճարումներին համապատասխան»:
Թեև, ըստ նախարար Ասատրյանի, կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվն այսօր 180 հազարն անցնում է, մասնավոր հատվածի մասնակիցներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, և այսօր ակտիվները կառավարող ընկերություններում շուրջ 80 մլրդ դրամի միջոցներ կան, այդուհանդերձ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թադնիլյանը, ով այս համակարգի քննադատներից է, պնդում է, թե ինքը դեռ որևէ գոհ քաղաքացու չի հանդիպել:
Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե պարտադիր բաղադրիչի կիրառումը դեռ շարունակում է դժգոհության առարկա մնալ․ - «Մի հոգի չեմ տեսել, որ գոհ լինի: Ես տեսել եմ բազմաթիվ մարդիկ, ովքեր ստիպողաբար մտել են այդ համակարգի մեջ և ունեն բազմաթիվ դժգոհություններ: Վերադարձելիության պայմանները, օրինակ, երբ որ մարդիկ տարիներ շարունակ կուտակում են, բայց վերադարձելիության պայմանները շատ սահմանափակ են․․․ Երկրորդ, հետագայում, կախված կուտակման չափից, ամբողջությամբ չեն կարող վայելել իրենց կուտակածը: Շարունակում են գործել այն դրույթները, որոնք մեզ համար ժամանակին և նաև հիմա եղել են անընդունելի: Եվ մենք պատրաստվում ենք կամավորի առաջարկով հանդես գալ»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է նախարարն իրատեսական համարում Հայաստան - Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը պետք է 4 միլիոնի հասնի: Նախարարն ասաց՝ իրատեսական է:
Ճշտող հարցին՝ ծնելիության ցածր ու արտագաղթի բարձր ցուցանիշներով ինչպե՞ս պետք է այդ թվին հասնի երկիրը, նախարարն արձագանքեց՝ միայն բնական հավելաճի հաշվին ժողովրդագրական ցուցանիշն ապահովելը, իհարկե, ռիսկային է, բայց չբացառեց նաև, որ հնարավոր է 4 միլիոնին հասնել ներգաղթի շնորհիվ․ - «Նաև պիտի հաշվի առնենք, որ միգրացիոն հոսքերը աշխարհում բավականին ինտենսիվացել են, և այս առումով Հայաստանի Հանրապետության բնակչությունը ավելացնելու և նախանշված, ինչո՞ւ ոչ, նաև ավելի բարձր ցուցանիշների հասնելու համար պետք է ունենալ նաև մեխանիկական ներհոսք: Այսինքն, պիտի ունենալ նաև հայրենադարձություն»:
Անդրադառնալով հաշմանդամության կարգից զրկված քաղաքացիների դժգոհությանը՝ նախարարն ասաց, թե հիվանդություն ունենալը դեռ չի նշանակում, որ անձը հաշմանդամություն ունի:
Տարեսկզբին Աշխատանքի նախարարությունը փոփոխություններ մտցրեց հաշմանդամության կարգ տրամադրելու գործընթացում, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիների կարգը վերանայվեց, իսկ ոմանք ընդհանրապես զրկվեցին հաշմանդամության կարգից:
Արտեմ Ասատրյանն ասաց․ - «Հիվանդություն ունենալը առաջին հերթին ենթադրում է, որպեսզի ծառայություններ տրամադրվեն քաղաքացուն, և մենք քաղաքացուն առողջացնենք ու վերադարձնենք հասարակությանը որպես լիարժեք անդամ, որպեսզի ինքը իր գործունեությամբ ստեղծի իր եկամուտները»:
Տիկին Գոհարը խրոնիկ աստմա ունի, օրվա մեջ մի քանի անգամ կրկնվող նոպաները նրան անաշխատունակ են դարձրել: Վերջերս պետությունը հաշմանդամության կարգն իջեցրել է, հատկացվող գումարը՝ կրճատել:
Անաշխատունակ է նաև Անուշավանը, ով առանց ձեռնափայտի չի կարողանում շարժվել՝ ողնաշարի կոտրվածք ունի: Նա հաշմանդամության կարգից առհասարակ զրկվել է:
«Ազատության» հետ զրուցում ասացին, որ բուժօգնությունն անվճար չէ, աշխատանքի տեղավորվել էլ չեն կարող, որովհետև ի վիճակի չեն:
«Ես ի վիճակի չեմ նույնիսկ իմ տան գործերն անելու», - ասաց տիկին Գոհարը:
«Ոտով ես չեմ կարում քայլեմ, կոպալը ձեռիցս չեմ կարում գցեմ», - ասաց Անուշավանը: - «Կրունկս ջարդած ա, ձախս էրկու տեղից ճաքած ա, ողնաշարս առաջինը, երրորդը ճաքած ա: Ես աշխատող տղա եմ, ես կյանքում հարյուր դրամ պետությունից ո՛չ կերել եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ: Պրոստո հիմա ես ի վիճակի չեն դաժե նորմալ քայլելու»: