Մատչելիության հղումներ

Հան․ Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է խորացնել հարաբերությունները ԵՄ հետ


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը այսօր Երևանում հավաստիացրեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Նալբանդյանի հրավերով Հանը այսօր է ժամանել Երևան, այստեղ նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

«Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս փաստաթուղթը՝ Եվրամիության ու Հայաստանի միջև համաձայնեցված գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի հետ միասին, կխորացնեն մեր համագործակցությունը: Թույլ տվեք ասել, որ համաձայնագիրը առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը ստորագրվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ, և Հայաստանը այդ երկրներից առաջինն է, որ ավարտին է հասցրել գործընկերության առաջնահերթությունները Եվրամիության հետ: Մենք շահագրգռված ենք տեսնել, թե այս նոր համաձայնագիրը ինչպես է կյանքի կոչվելու, որովհետև սա նախագիծ է այլ հնարավոր հարաբերությունների համար: Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի կարևորությունը դուրս է գալիս Երևանի հետ երկկողմ հարաբերությունների դաշտից», - ասաց Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան:

Այն բանից հետո, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ հայտարարեց Կրեմլի նախաձեռնած մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին՝ դրանով իսկ անհնար դարձնելով Եվրամիության հետ նույն տարում նախատեսված ասոցացման համաձայանագրի ստորագրումը, Երևանի ու Բրյուսելի միջև նոր համաձայնագրի սռտորագրման համար փաստորեն չորս տարի պահանջվեց:

«Այս նոր համաձայնագիրը կցուցադրի, որ Հայաստանի համար հնարավոր է եվրասիական ինտեգրացիոն գործընթացի մաս լինել ու միաժամանակ Եվրամիության հետ հաստատել համապարփակ ու ընդլայնված հարաբերություններ: Այս ամենի հետևում հետևյալ գաղափարն է՝ այն կարող է օրինակ ծառայել ուրիշների համար՝ եթե նրանք ցանկանում են», - նշեց Հանը:

Արտգործնախարար Նալբանդյանի խոսքով, Հայաստանը մտադիր է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ․ - «Հայաստանի սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական միությունը արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին»:

Անդրադառնալով Բրյուսելի հետ ստորագրվելիք համաձայնագրին՝ Հայաստանի արտգործնախարարը ընդգծեց, որ այն կարող է հանդիսանալ Բելգիայի մայրաքաղաքում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը․ - «Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG