Մատչելիության հղումներ

ԼՂ ժողովուրդը ողջունում է Կատալոնիայի անկախության հանրաքվեն․ Բաբայան


«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ողջունում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը»: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

«Այս հանրաքվեն, որպես նախադեպ, շատ կարևոր է մեզ համար: Ընդհանրապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է, և դա հնարավոր չէ ընդմիշտ կասեցնել, կամ փորձել թույլ չտալ, ճնշել: Դա մենք տեսնում ենք Կատալոնիայի օրինակով: Կատալոնիան, ի տարբերություն Արցախի, այնքան մեծ բռնաճնշումների չի ենթարկվել Իսպանիայի կողմից: Բայց, այնուամենայնիվ, այդ ժողովուրդն ուզում է սեփական ճակատագիրը որոշել իր սեփական կամքի միջոցով և դիմում է հանրաքվեի, որպես լեգիտիմ, ժողովրդավարական մի գործընթաց: Բնական է, որ մենք, անցնելով նույն ճամապարհը, չենք կարող սա չողջունել»,- ասաց Բաբայանը:

Իսպանիայի Սահմանադրական դատարանն «անօրինական» է համարել Կատալոնիայի անկախության հանրաքվեն: Քվեարկության գործընթացը կանխել ցանկացող ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ: Չնայած դրան, Կատալոնիայի իշխանությունների հայտարարության համաձայն, քվեարկողների 90 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալու գաղափարին:

Լեռնային Ղարաբաղում, Դավիթ Բաբայանի խոսքով՝ ուշի ուշով հետևել են երեկվա իրադարձություններին, շատ են ուզում, որ հարցը խաղաղ լուծում ստանա: «Դժբախտաբար, մենք տեսանք, այդ հանրաքվեն, որը, որպես խաղաղության մի դրսևորում, խաղաղ գործընթացներով է անցել, բայց ենթարկվեց բռնությունների, կան բազմաթիվ տուժածներ, ձերբակալվածներ: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Իսպանիան իր մեջ ուժ կգտնի, և այդ հարցը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ժողովուրդներն ուզում են ապրել այնպես, ինչպես ցանկանում են, և սա այն իրավունքն է, որը հնարավոր չի ճնշել ընդմիշտ»,- շարունակեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը ողջունել էր Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը: Քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը նկատում է՝ աշխարհում ազգերի ինքնորոշման շարժումների նոր ալիք է բարձրացել, ինչը կարող է օգտակար լինել Ղարաբաղի համար:

«Միջազգային իրավունքի տեսակետից նախադեպ կլինի, եթե այդ հանրաքվեները ճանաչվեն, Իրաքի Քուրդիստանը և Կատալոնիան դառնան անկախ պետություններ, ստանալով միջազգային ճանաչում: Այդ դեպքում կարելի կլիներ խոսել նախադեպի մասին: Այսօր այդ մասին խոսելը դեռևս վաղ է: Եթե մեքն խոսում ենք միջազգային հանրության կարծիքի մասին, ապա այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գործընթացներ կլինեն:

Բացառված չէ, որ միջազգային հանրության կարծիքը կթեքվի ինքնորոշման կողմը, որովհետև մենք տեսանք, որ Կատալոնիայում իսպանական իշխանությունների գործողությունները շատ բացասաբար ընդունվեցին: Քուրդիստանի դեպքում էլ՝ աշխարհի շատ երկրներում հանրային կարծիքը Քուրդիստանի կողմն է: Այնպես որ՝ եթե մենք այդ փաստն օգտագործենք և միջազգային հանրային կարծիքը փորձենք թեքել մեր կողմը, այդ առումով կարող է ինչ-որ օգուտ լինի»,- ասաց Միքայել Զոլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG