Պատասխանելով «Ազատության» հարցին՝ նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ 2018 թվականի բյուջեի նախագծում պաշտպանական ոլորտի ծախսերը հիմնականում հենց այդ նպատակով են ավելացել մոտ 55 միլիոն դոլարով։
Նախարարը, սակայն, չմանրամասնեց, թե որ երկրներից և ինչ նոր զինատեսակներ են ցանկանում ձեռք բերել՝ ասելով․ - «Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Առաջիկա գնման, հնարավոր գնման, այստեղից-այնտեղից ձեռք բերման մասին խոսակցությունն անօգուտ է, անիմաստ է: Առաջին հերթին՝ որովհետև դա դժվարացնում է բոլոր գործընթացները, երկրորդը, որովհետև դա քո հեռանկարային ծրագրի բացահայտումն է, որը նաև հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել»:
Սպառազինության ձեռք բերման վերջին խոշոր պայմանագիրը Հայաստանը ստորագրել է անցյալ տարվա սկզբին։ 200 միլիոն դոլար վարկի դիմաց ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը Հայաստանին պարտավորվեց տրամադրել մի շարք նոր սպառազինություններ։ Սակայն գրեթե երկու տարի է անցել, իսկ այդ մատակարարումը դեռ չի ավարտվել:
Պաշտպանության նախարարը, մինչդեռ, այսօր վստահեցրեց թե մոտ ժամանակներս Ռուսաստանը կտրամադրի ողջ սպառազինությունը․ - «200 միլիոնը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ, ինչպես նախատեսված էր պայմանագրերով»:
Այսօր ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին՝ Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կրճատելու են նախարարության հաստիքացուցակը, գործընթացն արդեն քննարկման փուլում է:
Թե քանիսով կկրճատվի աշխատակազմը, նախարարն առայժմ չի հստակեցնում․ - «Պաշտպանության նախարարության համակարգում բազմաթիվ վարչություններ, բաժիններ, բաժանմունքներ կան, և այնպես է ձևավորվել տարիների ընթացքում, որ բավականին մեծ է թիվը ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողների թիվը մեր ծառայողների թվի մեջ: Մենք ձգտում ենք, որպեսզի հնարավորինս բաժինները դառնան ավելի ունիվերսալ․․․ օպտիմալացում որոշակի»:
Վիգեն Սարգսյանն այսօր չպատասխանեց «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք լարված են իր և Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերությունները, և թե արդյոք վերջինս նույնպես կարող է ազատվել պաշտոնից։
«Դուք նստում եք, երեկոյան սուրճի բաժակի կարդալու շուրջ որոշումներ եք կայացնում, մանրամասն նկարագրում եք իմ աշխատասենյակում ինչ քննարկում ա եղել: Ես նույնիսկ խնդրում եմ․․․ երևի պետք ա Ազգային անվտանգությունը գա, նայի․ դուք կարո՞ղ ա ժուչոկ, բան եք տեղադրում իմ սենյակում: Ես շատ հարգում եմ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը՝ է՛լ ավելի: Բայց բացարձակ չի մտնում նախարարի պաշտոնի նկարագրության մեջ ֆանտազիաների մեկնաբանությունը կամ հիմնավորումն ու հերքումը»:
Պաշտպանության նախարարությունը առաջիկայում կփոփոխի նաև զինվորական ծառայությունից ուսման նպատակով տարկետում ստանալու ընթացակարգը։ Պաշտպանության նախարարի խոսքով, պատկերը մտահոգիչ է․ տարեկան այդ իրավունքից օգտվում է մոտ 800 ուսանող, գերակշիռ մասը, ըստ նրա, հետագայում չի ծառայում բանակում․ - «Պետք է վատ թիվ հնչեցնեմ շատ․ 18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում մոտ 16-17 տոկոսը: Մեր քաղաքականությունը, որը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրի տրամաբանության մեջ, միտված է հետևյալին՝ տարկետումը տրվում է այն քաղաքացուն, ով որոշում է կայացնում, որ բակալավրիատը ավարտելուց հետո ինքը պատրաստ է երեք տարի, երկուսի փոխարեն, ծառայել որպես սպա»:
Անցած մեկ տարում, Պաշտպանույթան նախարարությունը շրջանառության մեջ է դրել մոտ տոսը օրենքի նախագիծ: Դրանցից մեկով օրինակ նախարարությունը ցանկանում է բարձրաստիճան պաշտոնյաներին պարտավորեցնել, ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերում նշել նաև իրենց և իրենց զավակների զինվորական ծառայության մասին տեղեկությունները, որոնք հետագայում, ըստ Վիգեն Սարգսյանի, հնարավոր է նաև որոշակի իրավական հետևանք ունենան․ - «Կան մարդիկ, որոնք համարում են, որ կարող է օրենսդրության մեջ սահմանափակում մտցվի առհասարակ չծառայած կամ որևէ հիմնավորումով Զինված ուժերում ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ: Դա իրավաբանները պետք է ասեն: Իհարկե, ես համարում եմ, որ ցանկալի է, որ լինեն դրանից բխող իրավական հետևանքներ, և փորձելու ենք այդպես ձևակերպել»: