Մոտ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել սեպտեմբերի 28-ին «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության կապակցությամբ։
Հայտարարությունում նշվում է, որ սեպտեմբերի 28-ի երեկոյան Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս Նարինե Ավետիսյանը ֆիզիկական բռնության է ենթարկվել։
«Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրևի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին և խլել հեռախոսը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։ Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ ըստ մեր բազմամյա դիտարկումների, տասնյակ այսօրինակ գործեր անարդյունք են մնացել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս միջադեպն էլ նմանատիպ իրավախախտումների անհետևանք մնալու և ձևավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Ընդ որում, առաջին անգամ չէ, երբ իր աշխատանքը կատարելիս Նարինե Ավետիսյանը ճնշման է ենթարկվում», - ասված է հաղորդագրությունում։
Կազմակերպությունները նշել են, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում են Քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից՝ սկզբունքայնություն ցուցաբերել և անաչառ քննություն իրականացնել միջադեպի բոլոր հանգամանքներին համապատասխան գնահատականներ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, Հայաստանի դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։
«Մենք ուշադիր հետևելու ենք իրավապահ մարմինների գործողություններին և հանրությանն իրազեկելու ենք այս քրեական գործի ընթացքի և արդյունքների մասին», - ասված է հայտարարությունում։