Մատչելիության հղումներ

Կատալոնիայում բախումների հետևանքով առնվազն 337 մարդ է տուժել


Բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև

Կիրակին դրամատիկ էր կատալոնցիների համար՝ բախումներ տեղի ունեցան ոստիկանության և Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասնակիցների միջև։

Կատալոնիայի ինքնավար իշխանությունները երեկ երեկոյան հայտարարեցին, որ բախումների հետևանքով առնվազն 337 մարդ է տուժել։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է 11 տուժած ոստիկանների մասին։ Կողմերը միմյանց մեղադրում են անպատասխանատվության և բռնություններ սադրելու մեջ։

Բարսելոնայի քաղաքապետն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին կոչ է արել հրաժարական տալ:

Ֆուտբոլասերների համար դրամատիկ իրադարձություն էր իրենց սիրիելի թիմի՝ «Բարսելոնայի» կամ ինչպես երկրպագուներն են կրճատ ասում «Բարսայի» և «Լաս-Պալմասի» հանդիպումը փակ մարզադաշտում՝ առանց երկրպագուների ներկայության։

«Ես շատ վատ եմ զգում, որովհետև մեզ հետ վերաբերվում են ինչպես ահաբեկիչների։ Ես շատ հանդարտ գնացել եմ քվեարկելու, ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ ցուցարարների դեմ, և «Բարսայի» նկատմամբ սա ամոթ է», - ասել է «Բարսայի» երկապագու Մոնսերաթ Նույան։

«Սա անհարգալից վերաբերմունք է։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ կազմակերպել են իրենց ուղևորությունը, վճարել են այստեղ հասնելու և խաղը դիտելու համար։ Սա պետք էր համաձայնեցնել շատ ավելի շուտ: Նրանք գիտեին հանրաքվեի մասին և խաղը պլանավորված էր նույն օրը՝ իմանալով, թե ինչ կարող է պատահել։ Քաղաքականությունը և ֆուտբոլը երբեք չպետք է իրար խառնել», - ասել է «Լաս-Պալմասի» երկրպագու Ալեքսիս Գուտերեշը։

Կիրակի օրը տեղի ունեցած բռնությունների ժամանակ չէր բացառվում, որ Իսպանիայի առաջնության այս հանդիպումը հնարավոր է հետաձգվի, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացին մերժել էր այդ առաջարկը։

Խաղից քիչ առաջ Բարսելոնան պաշտոնական հայտարարություն տարածեց, ուր նշված էր, որ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը դատապարտում է Կատալոնիայի շատ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք միտված էին կանխելու քաղաքացիների ազատ արտահայտվելու ժողովրդավարական իրավունքները։

«Հաշվի առնելով իրադարձությունների բացառիկ բնույթը՝ տնօրենների խորհուրդը որոշեց, որ «Լաս-Պալմասի» հետ առաջին խաղը Բարսելոնա ֆուտբոլային ակումբը կանցկացնի փակ դռների հետևում, քանի որ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան մերժել է հետաձգել խաղը», - նշված է «Բարսելոնա» թիմի պաշտոնական հայտարարությունում։

Բարսելոնայի մարզադաշտի մոտ հազարավոր հիասթափված մարդիկ էին հավաքվել, իսկ ներսում «Բարսայի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել Կատալոնիայի ազգային դրոշի գույնի համազգեստով։

Փակ մարզադաշտում անցկացված հանդիպմանը «Բարսան» 3։0 հաշվով հաղթեց «Լաս-Պալմասին»։ Երկու գոլ խփել է Լիոնել Մեսսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG