Կատալոնիայում բախումներ են տեղի ունեցել Իսպանիայի ոստիկանության և անկախության հանրաքվեի մասնակիցների միջև, երբ իրավապահները, կատարելով Մադրիդի հրամանը «անօրինական» հանրաքվեն դադարեցնելու վերաբերյալ, ներխուժել է ընտրատեղամասեր և առգրավել քվեատուփերը:
Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են, որ ոստիկանների հետ բախումներում 38 մարդ է վիրավորվել:
El Periodico թերթը հաղորդում է, որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել կենտրոնական Բարսելոնայի ընտրատեղամասերից մեկում:
Կատալոնիայի կառավարության խոսնակ Ջորդի Թուրուլը հայտարարել է, որ տարածաշրջանի 2,300 ընտրատեղամասերի շուրջ երեք քառորդը բացվել են և գործում են, թեև Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ դրանց կեսից ավելին փակվել են: Ջորդի Թուրուլը նաև կոչ է արել քաղաքացիներին քվեարկել՝ չնայած դժվարություններին: - «Ժողովրդավարությանը աջակցելը միշտ իր արդյունքը կբերի, տեղի տալը և պետությանը հանձնվելը իմաստ չունի», - ասել է նա:
Ոստիկանությունը սեպտեմբերի 30-ին արգելափակել է տարածաշրջանի բոլոր դպրոցները, որտեղ պետք է անցկացվեր հոկտեմբերի 1-ի քվեարկությունը: Բացի այդ, իրավապահներն անցած օրերի ընթացքում առգրավել են ավելի քան 10 միլիոն քվեաթերթիկ:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, չնայած սպառնալիքներին` ընտրատեղամասեր են բերվել քվեատուփեր: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեն անցկացնելու նպատակով ընտրողներին կթույլատրվի օգտագործել տնային պայմաններում տպագրված քվեաթերթիկներ:
Հանրաքվեի բազմաթիվ աջակիցներ դիրքավորվել են դպրոցներում, նրանցից շատերը ընտանիքներով, երեխաների հետ գիշերել են այստեղ` փորձելով իրենց ձեռքում պահել ընտրատեղամասերը մինչև քվեարկության մեկնարկը:
Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնթին հաջողվել է քվեարկել բացված տեղամասերից մեկում: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրողները կարող են քվեարկությունը կատարել տանը և թերթիկը բերել բացված ընտրատեղամասերից որևէ մեկը:
Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը սեպտեմբերի 30-ին հակասահմանադրական է որակել հանրաքվեն և հայտարարել, որ հանրաքվեներն առհասարակ դարձել են «բռնապետների նախընտրած գործիքը» և հակասում են Եվրոպական միության «նպատակներին և իդեալներին»:
Կատալոնիայում շուրջ 5 միլիոն 300 հազար մարդ ընտրելու իրավունք ունի: Նրանց մի մասը դեմ է անկախությանը և չի մասնակցում հանրաքվեին: