Մատչելիության հղումներ

Շարմազանովը վրացի գործընկերներին մտահոգություն է հայտնել Ախալքալակի շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած միջադեպի առթիվ


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերների հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Ջավախքում հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԺ փոխնախագահի գրասենյակը։

Շարմազանովը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել:

Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում այսօր հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է բնակիչների և ոստիկանների միջև, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայերին, նշում է «Արմենպրես»-ը:

Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Ախալքալակի շրջանի Կումուրդո գյուղում տեղի բնակիչները փորձել են մտնել հուշարձանի տարածք։ Վերականգնվող 10-րդ դարի եկեղեցին պահպանվում է ոստիկանության կողմից։ Ոստիկանության ներկայացուցիչները չեն թույլատրել նրանց մտնել եկեղեցու տարածք, որից հետո տեղի բնակիչների մի մասը սկսել են նրանց դիմակայել, իսկ դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ քարեր են նետել։ Միջադեպի հետևանքով մի քանի ոստիկան է տուժել և վնասվել են Ներքին գործերի նախարարության հաշվեկշռում գտնվող մի քանի ավտոմեքենա»,- հայտնում է վրացական գերատեսչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կարճ ժամանակ անց դեպքի վայր է գնացել ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, ով հանդիպել է տեղի բնակիչներին։ Ըստ ներքին գործերի նախարարության՝ իրավիճակը գյուղում հանդարտվել է։

Ախալքալակում գործող հայալեզու jnews.ge կայքը փոխանցում է, որ միջադեպի հետևանքով գյուղի երկու բնակիչ էր ձերբակալվել, որոնք նույն օրը ազատ են արձակվել և վերադարձել Կումուրդո։ Խաչքարի տեղադրման հարցը հետաձգվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG