Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան իր նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պատրաստվում է մի քանի միջնորդություն ներկայացնել:
Ավետիսյանի պնդմամբ՝ իր հանդեպ բռնություն են գործադրել, երբ նկարահանում էր անձրևի ժամանակ կատարվող ասֆալտապատման աշխատանքները: Լրագրողի խոսքով՝ մի խումբ անձինք, այդ թվում նաև ասֆալտապատում իրականացնող ընկերության ղեկավարը, հարձակվել են իր վրա, բռնություն գործադրելով գցել գետնին, խլել հեռախոսը:
«Հափշտակել են իմ անձնական գույքը՝ հեռախոսը, այսինքն՝ այստեղ ես տեսնում եմ ավազակային հարձակման տարրեր՝ մեկ, տնտեսական հանցագործության տարրեր՝ պետական բյուջեի միջոցների մսխում, և այլն: Ես իրավաբան չեմ, բայց կփորձեմ իմ փաստաբանի, Հելսինկյան գրասենյակի հետ ավելի կազմակերպված այս հարցերով միջնորդություններ ներկայացնել, որպեսզի մանրազնին ուսումնասիրվի այս գործը բոլոր առումներով: Եվ ես չեմ դադարեցնելու պայքարել, հասկանալ՝ ինչո՞ւ են անձրևի ժամանակ տարիներ շարունակ Վանաձոր քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը:
Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Ավետիսյանին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք լրագրողական կազմակերպություններ, արձանագրելով՝ միջադեպը տասնյակ նմանատիպ իրավախախտումների անհետևանք մնալու և ձևավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է:
Քրեական գործով տուժող ճանաչված Նարինե Ավետիսյանի շահերը պաշտպանելու են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները: Իրենց տարածած հաղորդագրության մեջ նրանք արձանագրել են՝ Ավետիսյանի լրագրողական գործունեության ընթացքում սա բռնության հինգերորդ դեպքն է, նախորդ չորս դեպքերով մեղավորները չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել:
Նարինե Ավետիսյանի խոսքով՝ այս դեպքն էականորեն տարբերվում է նախորդներից․ - «Ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այս դեպքում ես հանցագործին ճանաչում եմ անձամբ, անձամբ ինքն է կոնտակտի մեջ եղել ինձ հետ, որից հետո կանչել է իր ենթականերին, որպեսզի օգնեն ինձ գետին տապալելու հարցում, որովհետև ինքը կարծես թե մենակ չէր կարողանում»:
Մարզային հեռուստընկերության ղեկավարն ասում է, թե համայնքային իշխանություններից որևէ մեկն իրեն աջակցություն չի հայտնել և չի դատապարտել տեղի ունեցածը, միևնույն ժամանակ՝ հորդորում է տեղական իշխանություններին զանազան միջոցառումների փոխարեն համայնքի խնդիրներով զբաղվել:
«Առհասարակ, Հայաստանի Հանրապետության իշխանություններից միակ մարդը, որ ինձ զանգել է, անհանգստացել և աջակցություն հայտնել, Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է: Մնացած որևէ մեկը՝ սկսած Վանաձոր համայնքի ավագանու ՀՀԿ խմբակցությունից, ավարտած Երևանի բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյաներով, որևէ մեկը չի զանգահարել», - նշեց Նարինե Ավետիսյանը՝ հավելելով․ - «Ուզում եմ ուղղակի հորդորել նրանց, որ ինչ-որ չափով դադարեցնեն փարթի-մարթիները՝ մշակութային, մարզական էդ միջոցառումներն ու սելֆիները, ֆոտոսեսիաները, և զբաղվեն համայնքային խնդիրներով, որպեսզի լրագրողը ստիպված չլինի ինքը զբաղվել այդ խնդիրներով»:
Դեպքին արձագանքել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով անթույլատրելի է համարել Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը:
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Հավելենք, որ «Ազատությանը» այսօր չհաջողվեց կապ հաստատել ասֆալտապատում իրականացնող ընկերության տնօրենի հետ։