Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ-ից դուրս․ հարցի շուրջ բանավիճում են «Ելք»-ի և ՀՀԿ-ի պատգամավորները


«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ»-ի հյուրերն են Գևորգ Գորգիսյանը և Շիրակ Թորոսյանը:

Հենց առաջին իսկ պահից, երբ «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց «Հայաստանի մասով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին եզրակացություն ներկայացնելու համար խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, խորհրդարանական մեծամասնությունը ժխտողական դիրքորոշում արտահայտեց: Այնպես որ, լիովին կանխատեսելի էր այն, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալու այդ նախագծին: Սակայն առաջիկա երեքշաբթի օրը Ազգային ժողովը, այնուամենայնիվ, կքննարկի այս նախագիծը:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում այդ նախաձեռնության մասին են զրուցում Ազգային ժողովի ««Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Թորոսյանը հերքեց մեկնաբանությունները, ըստ որոնց՝ խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմացավ քննարկումներին, որովհետև հակափաստարկ չուներ, և Հայաստանի իշխանությունները ընդհանրապես վախենում են որևէ քննարկումից, գործընթացից, որը կապված է ԵԱՏՄ-ի հետ: «Իրականում այդպես չէ, բնականաբար, և այստեղ հակափաստարկի խնդիր ընդհանրապես ես չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ այս խնդիրը ինչ-որ տեղ արհեստական օրակարգ է, և չեմ կարծում, որ այսօր հանրային լուրջ ընկալում ունի խնդիրը, քանզի այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, դա ամենևին չի մեկտեղվում այն քաղաքականության հետ և այն ընդհանրական շահերի հետ, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը», - ասաց հանրապետական պատգամավորը՝ շարունակելով․ - «ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այսօր մեր քաղաքական օրակարգում չի կարող լինել այն պարզ պատճառով, որ, նախ, ԵԱՏՄ-ն որպես տնտեսական տարածաշրջանային կառույց, համագործակցություն նոր է ձևավորվել, և այս կառույցի արդյունավետությունը և արձանագրվելիք հաջողությունները դեռ մենք վաղն ենք տեսնելու, չնայած կան հստակ թվեր, որոնք ցույց են տալիս, որ 2014 թվականի համեմատությամբ 15, հատկապես 16 թվականի և 17 թվականի առաջին յոթ ամիսների վիճակագրությունը համադրելով՝ տեսնում ենք, որ մենք բավականին լուրջ առաջընթաց ենք գրանցել և՛ առևտրաշրջանառության, ծավալային, տոկոսային և այլ առումներով, այդ թվում նաև՝ Եվրամիության երկրների հետ»:

Գորգիսյանը, մինչդեռ, հայտարարեց․ - «Մենք գտնում ենք, որ ԵԱՏՄ մտնելով՝ Հայաստանը զիջել է իր ինքնիշխանության շատ լուրջ կոմպոնենտներ և դրա դիմաց ոչինչ չի ստացել: Եվ ճիշտ էր, որպեսզի Հայաստանը շարունակեր եվրոինտեգրացիայի պրոցեսը՝ շատ պարզ մի քանի պատճառներով: Նախ, եթե տնտեսական տեսանկյունից ենք դիտարկում հարցը, Եվրամիության Ասոցացման պայմանագրից հրաժարվելով՝ մենք հրաժարվեցինք մի շուկայից, որը մոտ հինգ անգամ, չորս անգամ մեծ է ԵԱՏՄ շուկայից՝ այստեղ՝ 150, այնտեղ՝ 500 միլիոնանոց շուկա է, և համաշխարհային առևտրի ընդամենը 0․2 տոկոսն է կազմում ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը, և 20 տոկոսը, այսինքն՝ 40 անգամ ավել, Եվրամիության ապրանքաշրջանառությունը»:

«Որպեսզի զարգանան տնտեսական հարաբերությունները, առաջին հերթին պետք են ազատ մրցակցային պայմաններ: Մենք մրցունակ չենք ԵԱՏՄ շուկայում, ինչու՝ որովհետև Հայաստանին սպառողին գազը հասնում է ամենաթանկ գներով, Հայաստանում ցանկացած արտադրության մեջ 50-70 տոկոս է կազմում, ինքնարժեքում, գազի, էներգիայի սպառման գինը: Հետևաբար, մեր ցանկացած արտադրանքի արտահանման դեպքում մենք ունենալու ենք ոչ մրցունակ արժեքներ», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

«Երեք տարի մենք այնտեղ [ԵԱՏՄ-ում] ենք, դուք մի բան չկարողացաք ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շահեց էսինչ բանը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շահեց, ՀՆԱ-ն աճեց էսքան տոկոսով, արտաքին պարտքը նվազեց, տնտեսությունը աճեց՝ ոչ մի նման փաստարկ չկա, կա հակառակ փաստարկները՝ որ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով նվազել է, տնտեսական աճը վերջին երեք տարիներին գնալով նվազում է, ակտիվությունը գնալով նվազում է տնտեսական», - ընդգծեց Գորգիսյանը:

«Խոսքը գնում է պետության և ժողովրդի համար առաջնային խնդրի մասին՝ դա ազգային անվտանգության խնդիրն է, այստեղ ինքնիշխանության և այլ տարրեր մտցնել և մանիպուլյացիա անել ճիշտ չէ», - հանրապետական պատգամավորի այս փաստարկին ընդդիմադիր խորհրդարանականը հակադարձեց․ - «Շատ կներեք, ինքնիշխանությունը հենց ազգային անվտանգության գլխավոր կոմպոնենտն է, եթե դու չունես ինքնիշխանություն, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»:

Հաղորդումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG