Մատչելիության հղումներ

Մահացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը


71 տարեկանում այսօր մահացել է Հայաստանի նախագահի խորհրդական, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է․ - «Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է անձամբ ինձ համար, քանի որ կորցրեցի վաղեմի ընկերոջս: Խորին ցավակցություն եմ հայտնում Գորիկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:

Գորիկ Հակոբյանը Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2004-16 թվականներին, 2016-ի փետրվարին ազատվել է այդ պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ, և նշանակվել Հայաստանի նախագահի խորհրդական:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Գորիկ Հակոբյանը մահացել է ծանր հիվանդությունից հետո:

«Գորիկ Հակոբյանի ղեկավարությամբ ձևավորվել է ազգային անվտանգության մարմինների աշխատողների մի ամբողջ սերունդ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը և անձնակազմը խոր վշտով սգում են Գորիկ Գուրգենի Հակոբյանի մահը և իրենց ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG