Մատչելիության հղումներ

Էրեբունի-Երևան տոնակատարությունների համար նախատեսված է 80 միլիոն դրամ


Էրեբունի-Երևան 2799-ամյակի տոնակատարությունների համար այս տարի քաղաքապետարանը նախատեսել է ծախսել 80 միլիոն դրամ։

«Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքում կլինեն բազմաթիվ միջոցառումներ, բայց խնայողություն կարվի Հանրապետության հրապարակում գալա-համերգի հաշվին:

«Դա ամենածախսատարն է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հանրապետության հրապարակում համերգ չի լինի․ - «Այս տարի նախատեսված է 80 միլիոն, հայտարարված է մրցույթը: Ես կարծում եմ, որ այն 60 միլիոնը չի գերազանցի»:

Անցած տարի թեև նախատեսված էր քաղաքի տոնի համար ծախսել 130 միլիոն դրամ, սակայն ծախսվեց դրա կեսը։ 2016-ին քաղաքապետարանը գումարներն ուղղեց ապրիլյան պատերազմում վիրավորված, հաշմանդամության ձեռք բերած զինվորների ու ազատամարտիկների ընտանիքներին, որպես սոցիալական աջակցություն։

Արամ Սուքիասյանից հետաքրքվեցին՝ փաստորեն քաղաքի տոնը համեստ նշել հնարավո՞ր էր նաև անցած տարիներին։ «Եթե Հանրապետության հրապարակում միջոցառում չենք անում, բնականաբար, խնայվում է: Այս տարի նույնպես՝ առանց գալա-համերգի: Իսկ հոբելյանական տարիներին, իհարկե, կլինի շատ ավելի ճոխ, հետաքրքիր և ոգևորիչ»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեծ գումարներ պետք է ծախսել Հայաստանում առկա սոցիալական խնդիրները լուծելու համար, և ավելի համեստ լինել տոնակատարություններ կազմակերպելու հարցում: Հարությունյանը ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, բայց մայրաքաղաքի տարեդարձի միջոցառումների ցանկին ու ծախսերի տեղյակ չէ:

«2017 թվականի հունիսի 12-ին, երբ որ մեքն ստանձնեցինք մեր պարտականությունները, Տարոն Մարգարյանի նաև ելույթում էր նշված, որ պետք է մեծացվի ավագանու դերը և ներգրավվածությունը էս պրոցեսներում: Իհարկե, մեր ջանքերի շնորհիվ, որոշ ոլորտներում ներգրավվածությունը մեծացել է: Բայց, մասնավորապես, մշակութային այս միջոցառումների և նմանատիպ այլ միջոցառումների ծրագրերի մշակման գործում առայժմ մեզ չի հաջողվում կոտրել այդ սառույցը», - ասաց Հարությունյանը:

Հաջորդ տարի Երևանը կնշի իր 2800-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար նախագահ Սարգսյանի հրամանագրով արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով։

Փոխքաղաքապետ Սուքիասյանն այսօր նշեց, որ 2018-ին ամեն ինչ կլինի ճոխ, ծախսերի չափը դեռ հստակեցված չէ, բայց գումարներ կհատկացվեն և՛ քաղաքային, և՛ պետական բյուջեից․ - «Ամբողջ տարին է լինելու հոբելյանական»:

Վերջերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև քաղաքապետարանի կատարած գնումներից մեկը։ Ինչպես հրապարակված է Ֆինանսների նախարարության գնումների համակարգում, քաղաքապետարանը 580 հազար 800 դրամով ձեռք է բերել 16 գինու բաժակ՝ սպիտակ օնիքսից, լատունով՝ 390 գրամ քաշով։ Արդյունքում մեկ բաժակի համար վճարվել է 36.300 դրամ։

Քաղաքապետարանի Տեղեկատվության վարչություն պետ Արթուր Գևորգյանի խոսքով՝ սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգ քաղաքապետի այցի շրջանակում դրանք որպես նվեր ընծայվել են հյուրընկալող կողմին․ - «Չեմ կարծում, թե նվերները կարելի է դարձնել քննարկման առարկա: Դա պատշաճ չէ և կոռեկտ չէ: Երբ մենք այցելում ենք այլ քաղաքներ, և այլ քաղաքները ևս նույնկերպ վարվում են, մենք իրավունք չունենք, առնվազն որպես համայն հայության մայրաքաղաք, պատշաճ չներկայանալու, պատշաճ չընդունելու հյուրեր: Առավել ևս, հավելեմ՝ մենք հայ ենք, և մեզ սազական չէ»:

Ավագանու ընդդիմադիր անդամը համաձայն է, որ նվերներ տալն ու ներկայանալի լինելը կարևոր է: Արայիկ Հարությունյանը, սակայն, շեշտում է, որ հայի պատվի մասին պետք է չէ հիշել միայն նման հարցերում․ - «Երևան քաղաքը մաքուր պահելն էլ է պատվի հարց, Երևան քաղաքի բնակիչների սոցիալական հարցերն էլ են պատվի հարց․․․ Դու կարող ես հազար դոլար ծախսել ներկայացուցչական ծախսի վրա, և այդ համագործակցության արդյունքում քո քաղաքին հսկայական օգուտներ բերես, և այդ հազար դոլարը կամ կես միլիոն դրամը արդարացված կլինի: Բայց կարող ես ծախսել կես միլիոն դրամ կամ մեկ միլիոն դրամ, որևէ օգուտ չբերես»:

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հարցման միջոցով պարզել, թե ինչ է շահել Սանկտ Պետերբուրգ այցից Երևանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG