Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն է ներկայացրել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը, կարևորելով խորհրդարանականների ցանկությունը նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, շեշտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ շփումների հաստատման կարևորությունը՝ որպես առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և իրավիճակին ծանոթանալու լավագույն միջոց։
Քրիստիան Վիգենինին այսօր ընդունել է նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: