ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը հոկտեմբերի 2-4-ը կայցելի Թբիլիսի, հոկտեմբերի 4-6-ը՝ Երևան: Այդ մասին հաղորդում են ԵԱՀԿ-ից՝ նշելով, որ սա Դեզիրի առաջին այցելությունն է Հարավային Կովկաս հուլիսին այդ պաշտոնում նշանակվելուց հետո:
Այցերի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցերը ծրագրվել են Վրաստանում և Հայաստանում մամուլի ազատության հետ կապված զարգացումների, հետագա համագործակցության քննարկման և տարածաշրջանում մամուլի ազատության խթանման նպատակով, ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, Արլեմ Դեզիրը նախորդ երեք տարիներին Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարն էր, ավելի վաղ եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Դունյա Միյատովիչին: