Չերկասիի քաղաքային խորհրդի անդամ Միխայլո Բինուսովը հեռուստատեսային հարցազրույցում անդրադարձել է քաղաքի կոմունալ ծառայությունների համակարգում տիրող կոռուպցիային: Այդ հարցազրույցից ժամեր անց հրազենային կրակոցով նա սպանվել է:
Քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ սեպտեմբերի 28-ի երեկոյան Ուկրաինայի հայրենասերների միության կուսակցության (UKROP) Չերկասիի մասնաճյուղի ղեկավար Բինուսովը անհայտ անձի կրակոցներից տեղում մահացել է: Քրեական գործ է հարուցվել դիտավորյալ սպանության հոդվածով:
Սեպտեմբերի 22-ին Բինուսովը նշանակվել էր կոմունալ ծառայությունները վերահսկող քաղաքային խորհրդի վարչության գործադիր տնօրենի պաշտոնակատար:
Չերկասիի քաղաքապետ Անատոլի Բոնդարենկոն ասել է, որ Բինուսովի նպատակն էր վերջ տալ կոմունալ համակարգի կոռուպցիան: Քաղաքապետը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին Բինուսովը պետք է ընտրվեր քաղխորհրդի քարտուղար:
Չերկասիի քաղաքային խորհուրդը այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու «ակնհայտ սպանությունը»: