Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար հասկանալի չէ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման շուրջ «աժիոտաժը»: Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի ավանդական նիստից հետո՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե շարունակո՞ւմ է արդյոք Խաչիկյանը Հանրապետականի անդամ մնալ, և մտադի՞ր է արդյոք կուսակցությունը նրան վերստին ներգրավել քաղաքական գործունեության մեջ:
Պետական բյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ներում շնորհվեց, և նախկին պաշտոնյան երեկ ազատ արձակվեց: Խաչիկյանին ազատ արձակելու հիմքերը այդպես էլ հայտնի չդարձան հանրությանը:
«Պարոն Խաչիկյանը ներման դիմում է գրել հանրապետության նախագահին, և օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախագահը պարոն Խաչիկյանին ներում է շնորհել: Պարոն Խաչիկյանը հինգ տարի անցկացրել է ազատազրկման վայրերում, այսօր նա վերադարձել է իր ընտանիք: Ես շնորհավորում եմ պարոն Խաչիկյանին և բոլոր նրա հարազատներին», - հայտարարեց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Երկրորդը՝ այդ աժիոտաժը որ կա, ես չեմ հասկանում, որովհետև առաջին դեպքը չի, ոչ էլ՝ վերջին, երբ որ Հայաստանի Հանրապետության նախագահը օգտվում է իր սահմանադրական իրավունքներից և ներման հրամանագիր է շնորհում»:
«Իսկ ինչ վերաբերում է պարոն Խաչիկյանի կուսակցական պատկանելիությանը՝ ես պարոն Խաչիկյանին ճանաչել եմ որպես հանրապետական, այսօր չեմ կարող ասել․․․ Նա, եթե օրենքը թույլ է տալիս, կարծում եմ, հանրապետական է, եթե օրենքը թույլ չի տալիս, և պետք է սառեցվի նրա մասնակցությունը Հանրապետական կուսակցությունում, կսառեցվի», - ասաց Հանրապետականի խոսնակը:
«Այստեղ խնդիրը պետք է լինի, և ես առհասարակ այդ հարցերը չեմ հասկանում՝ ինքը հանրապետակա՞ն է, թե՞ հանրապետական չի․ դատարանը որոշել է, և դատարանի որոշումը քննարկման ենթակա չէ: Իսկ եթե մարդկային շփման մասին եք ասում՝ Խաչիկյան Վազգենը իմ ընկերն է, ընկերս մնացել է և՛ նախկինում, և երբ որ եղել է բանտում, ես նրան այցելել եմ, և նաև լինելու է սրանից հետո: Եվ իմ ընտանիքում էլ է ուրախություն, որ ինքը ազատ է արձակվել: Ես երբեք մարդկային հարաբերությունները քաղաքական հարաբերությունների և իրավական հարաբերությունների հետ չեմ խառնում, նույնը խորհուրդ կտամ Ձեզ», - հայտարարեց Շարմազանովը:
Վազգեն Խաչիկյանի հնարավոր ապագա քաղաքական գործունեության վերաբերյալ էլ իշխող կուսակցության խոսնակը ասաց․ - «Վերջին անգամ նրան հանդիպել եմ իր մայրիկի հուղարկավորման ժամանակ, և նման հարց մենք չենք քննարկել, միայն տեղյակ եմ, որ Խաչիկյանի եղբայր՝ Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը առաջադրվելու է Ախթալայի քաղքապետի պաշտոնում, և այդ թեկնածությունը լիազորվել է նաև Թումանյանի շրջանային կառույցի կողմից և Լոռու մարզային կառույցի կողմից»: