Շիրակի պետական համալսարանում դասադուլը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ նախօրեին բուհ այցելած կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ ուսանողների բարձրացված հարցերը խոստացել են լուծել:
Կրթության նախարարը բուհում նախ հանդիպեց նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակը հեղինակած դասախոսներին: Վերջիններս բուհի ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում էին ապօրինությունների ու չարաշահումների մեջ: Նախարարին փաստաթղթեր էին ներկայացրել, որոնք նրանց պնդմամբ, հիմնավորում են բաց նամակում բարձրաձայնած չարաշահումները:
«Ինձ համար զարմանալի էր: Պարզեցի, որ, ասենք, պատմության ուղղության մեջ նույն կուրսը կրկնում է երկրորդ տարին նույն առարկան: ԵՎ այստեղ հարցեր են առաջանում, թե նույն ամբիոնը ինչպես է ձևավորում ծանրաբեռնվածությունները ինչպես ենք անում», - հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Մկրտչյանը: - «Չեմ կարծում, որ ինչ-որ շատ խորքային, անլուծելի հարց կա»:
Ինչ վերաբերում է բուհում նոր ուսումնական մեթոդի՝ հեռակա և առակա ուսանողների ինտեգրված ուսուցմանը, որի դիմաց դասախոսների պնդմամբ իրենք չեն վճարվում՝ Լևոն Մկրտչանն ասաց․ - «Այստեղ մեծ պրոբլեմ կա: Խմբերը երբեմն 5-6 աշակերտով են ձևավորվում, և դա ազդում է նաև կրթության որակի վրա»:
Նախարարն անդրադարձավ նաև դասախոսների ամենաաղմկոտ բացահայտմանը՝ բուհում վարչական աշխատողները ավելի բարձր աշխատավարձ են ստանում քան դասախոսները․ - «Եթե դասախոսական կազմի աշխատավարձերը համարժեք են և համեմատական են տեխնիկական կազմի աշխատավարձերի հետ, ուրեմն գործընթացը այդպես է: Եթե կա կտրուկ մկրատ՝ դա կնայենք»:
Բուհում կանցկացվեն համալիր ստուգումներ, հավելեց նախարարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ առկա են սուբյեկտիվ, անձնավորված հարաբերություններ:
Նախարարի հարցազրույցից հետո դասախոսներն այսօր նոր բաց նամակ էին տարածել ուղղված կրթության նախարար Լևոն Մկրտչանին: Գագիկ Համբարյանն ասում է որ իր հարցազրույցով նախարարը փորձեց մեղմել ռեկտորի արածները:
«Նորմալ երկրում պարոն Մինասյանին ոչ միայն կազատեին գործից, այլ նաև ինքը պատասխանատվության կենթարկվեր», - դժգոհեց դասախոսը:
Գագիկ Համբարյանը նախարարին զգուշացնում է բուհում կատարող նոր հանցագործության մասին․ - «Հիմա ինստիտուտում կոնկրետ մեկ հանցագործություն փորձում են չեզոքացնել, փոխում են ուսումնական պլանները․ սեպտեմբերի 28-ն է: Մենք ուսումնական պլան ենք փոխում: Սա խայտառակություն է, այսպիսի բան չկա ոչ մի տեղ»:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը «Ազատության» փոխանցեց, որ բաց նամակի և մամուլում տեղ գտած հոդվածների հիման վրա հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել: